Հոդված 15. Պետական պատվիրատուի իրավասությունները
Հոդված 15. Պետական պատվիրատուի իրավասությունները
1. Պետական պատվիրատուն`
1) գլխավոր կատարողների (կատարողների) ներգրավմամբ ներկայացնում է ռազմական ապրանքի և գույքի մատակարարման ծավալների և նրա հիմնական ցուցանիշների վերաբերյալ առաջարկություններ.
2) կազմակերպում և իրականացնում է ռազմական կարիքների համար պետական պատվերի տեղադրումը` Հայաստանի Հանրապետության գնումների մասին օրենսդրությամբ սահմանված կարգով.
3) ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ պետական պայմանագրով նախատեսված պայմանների և մատակարարվող ռազմական ապրանքին և գույքին ներկայացվող պահանջների կատարման ուղղությամբ.
4) պետական պայմանագրի պայմաններին համապատասխան կատարում է վճարումներ.
5) գլխավոր կատարողի նկատմամբ իրականացնում է հսկողություն ռազմական ապրանքի և գույքի մատակարարման համար հատկացրած բյուջետային միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործման ուղղությամբ.
6) պետական պայմանագրի պահանջներին համապատասխան՝ իրականացնում է հսկողություն ռազմական ապրանքի և գույքի մատակարարման ժամկետների և որակի նկատմամբ.
7) ռազմական կարիքների համար պետական պատվերի կատարման ընթացքում մասնակցում է սպառազինության, ռազմական տեխնիկայի, ռազմատեխնիկական միջոցների, ունեցվածքի և թիկունքային գույքի փորձնական նմուշների, հատային և սերիական արտադրված ապրանքների խմբաքանակների, համալրող սարքերի և նյութերի փորձարկումներին, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում կարող է պահանջել իրականացնելու լրացուցիչ փորձարկումներ.
8) գլխավոր կատարողի հետ կազմակերպում և անցկացնում է սպառազինության, ռազմական տեխնիկայի, ռազմատեխնիկական միջոցների, ունեցվածքի և թիկունքային գույքի փորձնական նմուշների պետական փորձարկումներ.
9) իրականացնում է հսկողություն ռազմական ապրանքի և գույքի որակի նկատմամբ` պետական պատվիրատուի սահմանած նորմատիվ իրավական և այլ ակտերին համապատասխան.
10) հաստատում է սպառազինության, ռազմական տեխնիկայի, ռազմատեխնիկական միջոցների, ունեցվածքի և թիկունքային գույքի ստեղծման և սերիական արտադրության համար անհրաժեշտ տեխնիկական փաստաթղթեր.
11) իրականացնում է գիտական և գիտատեխնիկական արդյունքների պետական հաշվառում.
12) պետական պայմանագրերում նախատեսում է համալրող մասերի, հումքի և նյութերի առաջանցիկ գնումների համար միջոցներ.
13) սահմանում է գլխավոր կատարողի կողմից հաշվետվության ներկայացման կարգ` պետական պայմանագրի ուժի մեջ գտնվելու ամբողջ ժամանակահատվածի համար.
14) պետական պատվիրատուի ներկայացուցչության (ներկայացուցչի) միջոցով իրականացնում է ռազմական կարիքների համար պետական պատվերի կատարման որակի համապատասխանության հսկողություն: