Հոդված 14. Սակագներ
Հոդված 14. Սակագներ
1. Յուրաքանչյուր նշանակված ավիաընկերության կողմից մյուս Պայմանավորվող կողմի տարածքից կամ նրա տարածք կատարող փոխադրումների համար գանձվող սակագները պետք է սահմանվեն ողջամիտ չափերով` հաշվի առնելով հնարավոր բոլոր գործոնները` ներառյալ շահագործման ծախսերը, ողջամիտ շահույթը, յուրաքանչյուր ծառայության առանձնահատկությունները և մյուս ավիաընկերությունների կողմից գանձվող սակագները:
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված սակագները հնարավորության դեպքում սահմանվում են երկու Պայմանավորվող կողմերի նշանակած ավիաընկերությունների փոխադարձ համաձայնությամբ և անհրաժեշտության դեպքում հաշվի առնելով նույն երթուղին կամ նրա մի մասը շահագործող այլ ավիաընկերությունների կողմից կիրառվող սակագները: Նման համաձայնությունը հնարավորության սահմաններում պետք է ղեկավարվի այնպիսի որոշումներով, որոնք կիրառելի են այս հարցի շուրջը առաջարկներ ձևակերպող միջազգային մարմնի` սակագներին առնչվող կոնֆերանսի ընթացակարգերին համապատասխան:
3. Նման ձևով համաձայնեցված սակագները պետք է ներկայացվեն Պայմանավորվող կողմերի ավիացիոն մարմինների հաստատմանը վերջիններիս ուժի մեջ մտնելու օրվանից առնվազն 60 օր առաջ: Հատուկ դեպքերում այս ժամկետը ավիացիոն մարմինների համաձայնությամբ կարող է կրճատվել: Սակագների ներկայացման ստացման դեպքում ավիացիոն մարմինները պետք է անհապաղ քննարկեն այն: Ավիացիոն մարմինները պետք է տեղյակ պահեն մյուս ավիացիոն իշխանություններին սակագների ընդունման համար առաջարկված ժամկետի երկարաձգման մասին: Ոչ մի սակագին չի կարող ուժի մեջ մտնել, եթե որևէ Պայմանավորվող կողմի ավիացիոն մարմիններին այն չի բավարարում:
4. Եթե նշանակված ավիաընկերությունները չեն կարողանում համաձայնության գալ, կամ եթե սակագները չեն հաստատվել որևէ Պայմանավորվող կողմի ավիացիոն մարմինների կողմից, երկու Պայմանավորվող կողմերի ավիացիոն մարմինները պետք է փորձեն սահմանել սակագները փոխադարձ համաձայնությամբ: Եթե այլ բան պայմանավորված չէ, նման բանակցությունները պետք է սկսվեն նշանակված ավիաընկերությունների կողմից սակագների վերաբերյալ համաձայնության չգալու կամ մի Պայմանավորվող կողմի ավիացիոն մարմինների կողմից մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանություններին սակագների վերաբերյալ իրենց անհամաձայնության մասին տեղյակ պահելու օրվանից սկսած 30 օրվա ընթացքում:
5. Համաձայնության չգալու դեպքում վեճը պետք է կարգավորվի 18-րդ հոդվածում սահմանված ընթացակարգի սահմաններում:
6. Սույն հոդվածի դրույթների համապատասխան սահմանված սակագները պետք է ուժի մեջ մնան մինչև նոր սակագների հաստատումը` սույն հոդվածի դրույթներին համապատասխան:
7. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի ավիացիոն մարմինները պետք է գործադրեն իրենց առավելագույն ջանքերը` ապահովելու համար նշանակված ավիաընկերության կողմից համաձայնեցված սակագների, ինչպես նաև նրանց առնչվող օրենքների և ենթաօրենսդրական ակտերի պահպանումը: