Հոդված 18. Վեճերի կարգավորում
Հոդված 18. Վեճերի կարգավորում
1. Սույն Համաձայնագրի մեկնաբանմանը կամ կիրառմանը վերաբերող ցանկացած տարաձայնություն պետք է առաջին հերթին կարգավորվի Պայմանավորվող կողմերի անմիջական բանակցությունների միջոցով:
2. Եթե Պայմանավորվող կողմերը չեն հասնում վեճի կարգավորմանը բանակցությունների միջոցով, նրանք կարող են համաձայնել վեճի լուծումը հանձնել որևէ անձի կամ մարմնի, կամ վեճի լուծումը կարող է Պայմանավորվող կողմերի համաձայնությամբ հանձնվել երեք արբիտրից բաղկացած դատարանի: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ նշանակում է մեկական արբիտր, և վերջիններս էլ նշանակում են երրորդ արբիտրին: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ արբիտր նշանակում է մյուս Պայմանավորվող կողմի կողմից դիվանագիտական ուղիներով վեճի արբիտրաժային կարգավորման մասին ծանուցման ստացման օրվանից սկսած վաթսուն օրվա ընթացքում, և երրորդ արբիտրը պետք է նշանակվի հետագա երեսուն օրվա ընթացքում: Եթե Պայմանավորվող կողմերից որևէ մեկը չի առաջադրում արբիտրի իր թեկնածությունը սահմանված ժամկետում, կամ եթե երրորդ արբիտրը չի նշանակվում սահմանված ժամկետում, Պայմանավորվող կողմերից ցանկացածը կարող է դիմել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության խորհրդի նախագահին` իր անունից արբիտր նշանակելու համար: Եթե նախագահն ունի Պայմանավորվող կողմերից որևէ մեկի քաղաքացիություն կամ իրավասու չէ նման գործառույթ իրականացնելու համար, անհրաժեշտ նշանակումները կատարում է նրա տեղակալը: Երրորդ արբիտրը պետք է լինի երրորդ պետության քաղաքացի և պետք է հանդես գա որպես արբիտրաժային մարմնի նախագահ:
3. Պայմանավորվող կողմերը պարտավորվում են ենթարկվելու սույն հոդվածի 2-րդ կետի հիման վրա կայացված ցանկացած որոշման:
4. Եթե և այնքան ժամանակ, որքան Պայմանավորվող կողմերից որևէ մեկը կամ Պայմանավորվող կողմերից որևէ մեկի նշանակած ավիաընկերությունը հրաժարվում է ենթարկվելու սույն հոդվածի 2-րդ կետի համաձայն կայացված որոշմանը, մյուս Պայմանավորվող կողմը կարող է սահմանափակել կամ մերժել ցանկացած իրավունք կամ արտոնություն, որը նա սույն Համաձայնագրի միջոցով տրամադրել է մյուս Պայմանավորվող կողմին կամ նշանակված ավիաընկերությանը: