Հոդված 5. Ավիացիոն անվտանգություն
Հոդված 5. Ավիացիոն անվտանգություն
1. Միջազգային իրավունքից բխող իրենց իրավունքներին ու պարտավորություններին համապատասխան` Պայմանավորվող կողմերը հավաստում են, որ քաղաքացիական ավիացիայի անվտանգությունն անօրինական միջամտության ձևերից պաշտպանելու` միմյանց հանդեպ ստանձնած պարտավորությունները սույն Համաձայնագրի անբաժանելի մասն են: Չսահմանափակելով միջազգային իրավունքի համաձայն ունեցած իրենց իրավունքների ու պարտավորությունների ընդհանրությունը, Պայմանավորվող կողմերը պետք է մասնավորապես գործեն «Օդանավերում կատարվող հանցագործությունների ու որոշ այլ գործողությունների մասին» 1963 թվականի սեպտեմբերի 14-ին Տոկիոյում ստորագրված Կոնվենցիայի, «Օդանավերի անօրինական զավթման դեմ պայքարի մասին» 1970 թվականի դեկտեմբերի 16-ին Հաագայում ստորագրված Կոնվենցիայի և «Քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված անօրինական գործողությունների դեմ պայքարի մասին» 1971 թվականի սեպտեմբերի 23-ին Մոնրեալում ստորագրված Կոնվենցիայի դրույթներին համապատասխան:
2. Պայմանավորվող կողմերը պահանջի դեպքում պետք է միմյանց անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերեն` կանխելու համար քաղաքացիական օդանավերի անօրինական զավթման գործողությունները և նման օդանավերի, դրանց ուղևորների, անձնակազմերի, օդանավակայանների և օդագնացության միջոցների անվտանգության դեմ ուղղված անօրինական այլ գործողություններ, ինչպես նաև քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված ցանկացած այլ սպառնալիք:
3. Պայմանավորվող կողմերն իրենց փոխհարաբերություններում ղեկավարվում են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից հաստատված և «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» Կոնվենցիայի Հավելվածներում նախատեսված ավիացիոն անվտանգության դրույթներով` այնքանով, որքանով նման անվտանգության դրույթները կիրառելի են Պայմանավորվող կողմերի նկատմամբ. նրանք պետք է պահանջեն, որ իրենց ռեգիստրում գրանցված օդանավեր շահագործողները կամ օդանավերի այն շահագործողները, որոնց գործունեության հիմնական վայրը կամ մշտական բնակության վայրը գտնվում է իրենց տարածքում, և իրենց տարածքում գործող օդանավակայանների շահագործողները գործեն ավիացիոն անվտանգության այդ դրույթներին համապատասխան:
4. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ընդունում է, որ մյուս Պայմանավորվող կողմը կարող է օդանավերի նման շահագործողներից պահանջել, որ պահպանվեն սույն հոդվածի 3-րդ կետում հիշատակված ավիացիոն անվտանգության դրույթները` այդ մյուս Պայմանավորվող կողմի տարածք մուտք գործելու, տարածքից մեկնելու և իր տարածքի սահմաններում գտնվելու համար: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ապահովում է համապատասխան միջոցների կիրառումն իր տարածքում օդանավի պաշպանության և մինչև օդանավ նստելը կամ բեռնումը և դրա ընթացքում ուղևորների, անձնակազմի, ձեռնածանրոցների, բեռների, ուղեբեռների և օդանավի պաշարների ստուգման համար: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է նաև բարյացակամորեն վերաբերվի մյուս Պայմանավորվող կողմի` անվտանգության հատուկ միջոցներ ձեռնարկելու ամեն մի խնդրանքին` կոնկրետ սպառնալիքի առնչությամբ:
5. Երբ առկա է քաղաքացիական օդանավի ապօրինի զավթման կամ նման օդանավի, ուղևորների ու անձնակազմի, օդանավակայանների կամ օդագնացության միջոցների անվտանգության դեմ ուղղված այլ ապօրինի գործողությունների որևէ միջադեպ կամ միջադեպի սպառնալիք, Պայմանավորվող կողմերը միմյանց օգնություն են ցուցաբերում` դյուրացնելով կապը և նման միջադեպի կամ դրա սպառնալիքի արագ ու անվտանգ կասեցման նպատակով համապատասխան միջոցներ ձեռնարկելով: