Հոդված 6. Նշանակում և շահագործման լիազորություն
Հոդված 6. Նշանակում և շահագործման լիազորություն
1. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի նշանակել մեկ ավիաընկերություն` համաձայնեցված հաղորդակցության շահագործման նպատակով: Նման նշանակումը ուժի մեջ է մտնում Պայմանավորվող կողմերի ավիացիոն մարմինների միջև գրավոր ծանուցմամբ:
2. Ավիացիոն մարմինները, որոնք ստացել են նման նշանակման մասին ծանուցում, պետք է, համաձայն սույն հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի, անհապաղ տրամադրեն մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությանը անհրաժեշտ շահագործման լիազորություն:
3. Մի Պայմանավորվող կողմի ավիացիոն մարմինները կարող են մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերություններից պահանջել ապացույցներ, որ նա ունի անհրաժեշտ որակավորում` բավարարելու այն օրենքներով և ենթաօրենսդրական ակտերով նախատեսված պայմանները, որոնք այդ մարմինների կողմից սովորաբար կիրառվում են միջազգային օդային հաղորդակցության շահագործման առնչությամբ` Կոնվենցիայի դրույթներին համապատասխան:
4. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրավունք ունի հրաժարվել ընդունելու ավիաընկերության նշանակումը և հրաժարվել տրամադրելու սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված շահագործման լիազորությունը կամ պարտադրել այնպիսի պայմանների կատարում, որոնք նա անհրաժեշտ կհամարի սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածում նշված իրավունքների իրականացման համար` ամեն դեպքում, երբ հիշյալ Պայմանավորվող կողմը ոչ մի ապացույց չունի այն բանի, որ այդ ավիաընկերության սեփականության իրավունքների գերիշխող մասը և արդյունավետ հսկողությունը պատկանում են այդ ավիաընկերությունը նշանակած Պայմանավորվող կողմին կամ նրա քաղաքացիներին:
5. Ստանալով սույն հոդվածի 2-րդ կետում նախատեսված շահագործման լիազորությունը` նշանակված ավիաընկերությունը ցանկացած ժամանակ կարող է սկսել համաձայնեցված հաղորդակցության իրականացումը` պայմանով, որ սույն Համաձայնագրի 14-րդ հոդվածի դրույթներով սահմանված սակագները ուժի մեջ են:
6. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի մյուս Պայմանավորվող կողմին ուղղված գրավոր ծանուցմամբ հետ վերցնել ավիաընկերության նշանակումը և նշանակված ավիաընկերությունը փոխարինել մեկ այլ ավիաընկերությամբ. նման դեպքում սույն հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերը նույնպես կիրառելի են: