Հոդված 1. Սահմանումներ
Հոդված 1. Սահմանումներ
1. Սույն Համաձայնագրի նպատակների համար, եթե ենթատեքստը այլ բան չի պահանջում`
ա) «Կոնվենցիա» տերմինը նշանակում է «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» Չիկագոյի Կոնվենցիան, որը ստորագրման համար բաց է 1944 թվականի դեկտեմբերի 7-ից, ներառյալ վերջինիս ցանկացած Հավելված, որն ընդունվել է Կոնվենցիայի 90-րդ հոդվածին համաձայն, ինչպես նաև Հավելվածների և Կոնվենցիայի ցանկացած լրացում, որը կատարվել է Կոնվենցիայի 90-րդ և 94-րդ հոդվածների համաձայն` այնքանով, որքանով այդ Հավելվածներն ու լրացումները ընդունվել են երկու Պայմանավորվող կողմերի կողմից,
բ) «ավիացիոն իշխանություններ» տերմինը նշանակում է.
Հայաստանի Հանրապետության դեպքում` քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն,
Լիբանանի Հանրապետության դեպքում` քաղաքացիական ավիացիայի գլխավոր տնօրեն,
կամ երկու դեպքում էլ` ցանկացած այլ անձ կամ մարմին, որը լիազորված է իրականացնելու վերոհիշյալ իշխանություններին ներկայումս վերագրված գործառույթները,
գ) «նշանակված ավիաընկերություն» տերմինը նշանակում է ցանկացած ավիաընկերություն, որը նշանակվել և լիազորված է սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածին համաձայն,
դ) «Պայմանավորվող կողմի տարածք» և «Պայմանավորվող կողմի քաղաքացիներ» տերմինները նշանակում են Հայաստանի Հանրապետության և Լիբանանի Հանրապետության համապատասխանաբար տարածքները և քաղաքացիները,
ե) «օդային հաղորդակցություն», «միջազգային օդային հաղորդակցություն», «ավիաընկերություն» և «կանգառ ոչ առևտրային նպատակներով» տերմինները ունեն այն իմաստները, որ նրանց համապատասխանաբար ամրագրված են Կոնվենցիայի 96-րդ հոդվածով,
զ) «տարողություն» տերմինը համաձայնեցված հաղորդակցության կապակցությամբ նշանակում է նման հաղորդակցության վրա օգտագործվող օդանավի տարողությունը` բազմապատկած այդ օդանավի` տրված ժամանակահատվածում երթուղու կամ նրա մի հատվածի շահագործման հաճախականությամբ,
է) «երթևեկության փոխադրում» տերմինը նշանակում է ուղևորների, բեռների և փոստի փոխադրում միասին կամ անջատ,
ը) «սակագին» տերմինը նշանակում է այն գները կամ գանձումները, որոնք պետք է վճարել ուղևորների, ուղեբեռների և բեռների միջազգային փոխադրման համար, և այն պայմանները, որոնց համաձայն այդ գները կամ գանձումները կիրառվում են, ներառյալ գործակալության և այլ լրացուցիչ ծառայությունների համար նախատեսված գները կամ գանձումները և պայմանները, բացառությամբ փոստի փոխադրման համար վճարումն ու պայմանները,
թ) «սահմանված երթուղիներ» տերմինը նշանակում է սույն Համաձայնագրի Հավելվածում սահմանված երթուղիները, որոնցով շահագործվելու է կանոնավոր միջազգային օդային հաղորդակցություն Պայմանավորվող կողմերի նշանակած ավիաընկերությունների կողմից,
ժ) «համաձայնեցված հաղորդակցություններ» տերմինը նշանակում է սույն Համաձայնագրի Հավելվածում սահմանված երթուղիներով հաստատված կամ հաստատվելիք հաղորդակցությունները,
ժա) «Համաձայնագիր» տերմինը նշանակում է սույն Համաձայնագիրը` ներառյալ սույն Համաձայնագրի 19-րդ հոդվածի դրույթների համաձայն կատարված փոփոխությունները.
ժբ) «Հավելված» տերմինը նշանակում է սույն Համաձայնագրի Հավելվածը կամ սույն Համաձայնագրի 19-րդ հոդվածի դրույթների համաձայն կատարված փոփոխությունները: Հավելվածը կազմում է սույն Համաձայնագրի անբաժանելի մասը, և Համաձայնագրին ուղղված բոլոր հղումները պետք է ներառեն Հավելվածին ուղղված հղումները, բացառությամբ այն դեպքերի, երբ բացահայտորեն այլ բան չի նախատեսվում: