Հոդված 4
Հոդված 4
1. Միության շրջանակներում թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստվող արտադրանքների (արտադրատեսակների) արտադրությունը, թանկարժեք քարերի մշակումը, ինչպես նաև թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի օգտագործումն ու շրջանառությունն իրականացվում է համապատասխան անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները՝
ա) թանկարժեք մետաղներ արտադրող, թանկարժեք քարեր մշակող, թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի շրջանառություն իրականացնող, արտադրական նպատակներով, ինչպես նաև անդամ պետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում, թանկարժեք մետաղներ օգտագործող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը պետք է հատուկ հաշվառման (հաշվառման) կանգնեն (պետք է գրանցված լինեն թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի, այդ թվում թանկարժեք մետաղներ պարունակող հանքային հումքի հետ կապված գործառնություններ կատարող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի ռեեստրում, որի վարումն իրականացվում է անդամ պետության օրենսդրությանը համապատասխան լիազորված մարմնի (կազմակերպության) կողմից) և (կամ) ունենան թանկարժեք մետաղների և (կամ) թանկարժեք քարերի հետ կապված գործունեություն իրականացնելու իրավունք տվող հատուկ թույլտվություն (լիցենզիա).
բ) թանկարժեք մետաղներ արդյունահանող, հանքային հումք իրացնող կամ հանքային հումքից, հանքային հումքի վերամշակման արգասիքներից և թափոններից (բացառությամբ զտարկման ոչ ենթակա բնակտորներից և թանկարժեք մետաղների հազվագյուտ բնակտորներից) թանկարժեք մետաղներ արտադրող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը պարտավոր են անհրաժեշտ վերամշակումից հետո իրականացնել հետևյալ գործողություններից որևէ մեկը՝
ինքնուրույն անցկացնել թանկարժեք մետաղների զտարկում այն դեպքում, երբ նրանք անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ իրավունք ունեն իրականացնելու տվյալ գործունեության տեսակը.
պայմանագրի (կոնտրակտի) հիման վրա հանքային հումքը, հանքային հումքի վերամշակման արգասիքները և թափոններն ուղարկել անդամ պետության օրենսդրությանը համապատասխան զտարկման տվյալ գործունեության տեսակն իրականացնելու իրավունք ունեցող կազմակերպություն.
անդամ պետությունների տարածքներում մինչև զտարկումը թանկարժեք մետաղներ պարունակող հանքային հումքի հետ կատարել գործառնություններ՝ մինչև զտարկումը թանկարժեք մետաղներ պարունակող հանքային հումքի հետ կապված գործառնություններ կատարելու կարգին համապատասխան՝ սույն համաձայնագրի թիվ 2 հավելվածի համաձայն.
Միության իրավունքի մաս կազմող ակտերով սահմանված կարգով՝ Միության մաքսային տարածքից արտահանել հանքային հումքը, հանքային հումքի վերամշակման արգասիքները և թափոնները:
Թանկարժեք մետաղների բնակտորները զտարկման ոչ ենթակա բնակտորների ցանկին դասելու կարգը սահմանվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից.
գ) մինչև զտարկումը հանքային հումքի և (կամ) չմշակված թանկարժեք քարերի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման, ինչպես նաև դրանք որպես գրավի առարկա օգտագործելու հետ կապված գործարքները ենթակա են հաշվառման: Այդպիսի գործարքների հաշվառման կարգը սահմանվում է անդամ պետության օրենսդրությամբ:
2. Հանքային հումքի արտահանումը մեկ անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք թույլատրվում է այն դեպքում, երբ դրա վերամշակումը (զտարկումը) առաջին անդամ պետության տարածքում տնտեսապես նպատակահարմար կամ հնարավոր չէ, ինչը հաստատվում է այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան եզրակացություն տրամադրելու համար լիազորված մարմնի (կազմակերպության) կողմից:
3. Թանկարժեք մետաղների զտարկումը չի հանգեցնում թանկարժեք մետաղների նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման, եթե պայմանագրի (կոնտրակտի) պայմաններով սեփականության իրավունքի այդպիսի փոխանցում նախատեսված չէ և եթե դա չի հակասում այն անդամ պետության օրենսդրությանը, որի տարածքում գրանցված են հանքային հումքը կամ դրա վերամշակման արգասիքները և թափոնները զտարկման համար հանձնած իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը:
4. Անդամ պետության օրենսդրությամբ կարող են նախատեսվել՝
ա) պետության և (կամ) կազմակերպության՝ թանկարժեք մետաղների զտարկման, ոսկեարժութային ակտիվների (պաշարների, պահուստների) և (կամ) թանկարժեք մետաղների և (կամ) թանկարժեք քարերի այլ պետական ֆոնդերի համալրման նպատակներով թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ձեռքբերման նախապատվության իրավունք.
բ) պահանջներ և պայմաններ, որոնք վերաբերում են թանկարժեք մետաղների արտադրությանը, այդ թվում՝ այդ անդամ պետության տարածքում արդյունահանված հանքային հումքից կորզված թանկարժեք մետաղների զտարկմանն այն կազմակերպություններում, որոնք անդամ պետության օրենսդրությանը համապատասխան ունեն տվյալ գործունեության տեսակն իրականացնելու իրավունք.
գ) պետական կարիքների համար պետական պատվերով թանկարժեք մետաղների, այդ թվում՝ թանկարժեք մետաղների ջարդոնի և թափոնների ու թանկարժեք քարերի մատակարարում: