Հոդված 85.5. Հանձնաժողով դիմում ներկայացնելու կարգը, դիմումին ներկայացվող պահանջները և դիմումի քննարկումը
Հոդված 85.5. Հանձնաժողով դիմում ներկայացնելու կարգը, դիմումին ներկայացվող պահանջները և դիմումի քննարկումը
1. Հանձնաժողով դիմում կարող են ներկայացնել հանրային իշխանության մարմինները, այդ թվում՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք, հանրային ծառայողները, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձինք։
2. Հանձնաժողով ներկայացվող դիմումը պետք է պարունակի`
1) դիմողի անունը, ազգանունը, իրավաբանական անձի կամ հանրային իշխանության մարմնի դեպքում` դրա լրիվ անվանումը, հասցեն (գտնվելու վայրը), հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների դեպքում՝ նաև պաշտոնը.
2) սույն օրենքի 85.3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված առերևույթ խախտումը կատարած փրկարարական ծառայողի անունը, ազգանունը, նրա զբաղեցրած պաշտոնը.
3) առերևույթ խախտումը.
4) փաստական հանգամանքները, որոնցով ողջամտորեն հիմնավորվում է առերևույթ խախտումը, առկայության դեպքում՝ այդ հանգամանքների հիմնավորվածությունը հավաստող ապացույցները (փաստաթղթերը, նյութերը).
5) դիմումով ներկայացվող պահանջը (դիմումի առարկան).
6) դիմում ներկայացնելու տարին, ամիսը և ամսաթիվը.
7) դիմողի ստորագրությունը, իրավաբանական անձի դեպքում՝ դրա իրավասու պաշտոնատար անձի ստորագրությունը: Եթե դիմումը ներկայացվում է ներկայացուցչի միջոցով, ապա դիմումին պետք է կցվի նաև օրենքով սահմանված կարգով տրված լիազորագիրը.
8) դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը:
3. Դիմումն ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, Հանձնաժողովը վերադարձնում է դիմումը, եթե այն չի պարունակում սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ կամ 5-րդ կետերով նախատեսված տեղեկությունը։
4. Դիմումը վերադարձնելու դեպքում դիմում ներկայացրած անձն այն կարող է համապատասխանեցնել սույն օրենքով նախատեսված պահանջներին և կրկին ներկայացնել Հանձնաժողով՝ վերադարձված դիմումն ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում։
5. Հանձնաժողովը կայացնում է դիմումը մերժելու մասին որոշում, եթե՝
1) դիմումի ուսումնասիրությամբ պարզվում է, որ առկա չէ սույն օրենքի 85․3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված առերևույթ խախտման դեպք.
2) դիմումում բարձրացված հարցերը դուրս են փրկարարական ծառայողի վարքագծի կանոնների, անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների և շահերի բախման վերաբերյալ հարցերի շրջանակից.
3) նույն անձի վերաբերյալ նույն հիմքով արդեն նշանակված է ծառայողական քննություն, կամ Հանձնաժողովը մերժել է դիմումի ընդունումը, կամ առկա է Հանձնաժողովի եզրակացություն։