Հոդված 20. ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐ ԳՈՐԾԱԴՐԵԼԸ
Հոդված 20. ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐ ԳՈՐԾԱԴՐԵԼԸ
Ոստիկանության զորքերի զինծառայողներն անձամբ կամ ստորաբաժանման կազմով իրավունք ունեն հատուկ միջոցներ գործադրել հետևյալ դեպքերում`
ա) քաղաքացիների, զինծառայողների, Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային մարմինների և քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների վրա հարձակումները դիմագրավելիս.
բ) ոստիկանության զորքերի զինծառայողներին, իրենց պարտականությունները կատարելիս, ցույց տրվող դիմադրությունը կասեցնելիս.
գ) քաղաքացիների կյանքի, առողջության, սեփականության դեմ ուղղված հանցագործություն կատարելիս բռնված և փախուստի փորձ կատարող անձանց ձերբակալելիս.
դ) այն անձանց ձերբակալելիս, երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ նրանք ունեն զինված դիմադրություն ցույց տալու մտադրություն.
ե) ձերբակալված անձանց Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային մարմիններ բերման ենթարկելիս, ձերբակալվածներին և վարչական կալանքի ենթարկված կամ կալանքի տակ գտնվող անձանց ուղեկցելիս և պահպանելիս, երբ նրանք իրենց վարքագծով հիմք են տալիս ենթադրելու, որ կարող են դիմել փախուստի, վնաս հասցնել շրջապատին կամ իրենց, կամ եթե ոստիկանության զորքերի զինծառայողներին դիմադրություն են ցույց տալիս.
զ) զինվորական բնակավայրերի, շարժակազմերի և շարասյուների, պահպանվող օբյեկտների, կառույցների և բեռների վրա կատարվող հարձակումները հետ մղելիս.
է) պատանդներին, ինչպես նաև կառույցները, շենքերը, շինությունները, փոխադրամիջոցները և տեղամասերը ազատագրելիս.
ը) տրանսպորտի, կապի, հիմնարկների, կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) աշխատանքները խանգարող, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկների գործունեությունը կազմալուծող զանգվածային անկարգությունները և գործողությունները կանխելիս.
թ) տրանսպորտային փոխադրամիջոցներով փախուստի դիմած` ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալներին կամ կալանքի տակ գտնվող անձանց ձերբակալելիս.
ժ) փախուստի դիմած և կալանքի տակ գտնվող անձանց որոնելիս և ձերբակալելիս:
Ոստիկանության զորքերի զինծառայողները որպես հատուկ միջոցներ կարող են գործադրել`
- ռետինե մահակներ` սույն հոդվածի առաջին մասի «ա», «գ», «զ», «է», և «ը» կետերով նախատեսված դեպքերում.
- արցունքաբեր գազ` սույն հոդվածի առաջին մասի «ա», «բ», «գ», «դ», «զ», «է», «ը» և «ժ» կետերով նախատեսված դեպքերում.
- ձեռնաշղթաներ` սույն հոդվածի առաջին մասի «բ», «գ», «դ», «ե», «ը» և «ժ» կետերով նախատեսված դեպքերում: Ձեռնաշղթաների բացակայության դեպքում զինծառայողն իրավունք ունի կապելու նպատակով օգտագործել ձեռքի տակ եղած այլ միջոցներ.
- ուշադրությունը շեղող լուսաձայնային միջոցներ` սույն հոդվածի առաջին մասի «ա», «դ», «զ», «է», «ը», և «ժ» կետերով նախատեսված դեպքերում, եթե դրանք վնաս չեն պատճառում անձի կյանքին կամ առողջությանը.
- արգելքները քանդելու միջոցներ` սույն հոդվածի առաջին մասի «դ», «զ», «է», «ը» և «ժ» կետերով նախատեսված դեպքերում.
- փոխադրամիջոցի հարկադիր կանգնեցման միջոցներ` սույն հոդվածի առաջին մասի «թ» և «ժ» կետերով նախատեսված դեպքերում.
- ջրանետներ և զրահամեքենաներ` սույն հոդվածի առաջին մասի «ա», «դ», «զ», «է», «ը», և «ժ» կետերով նախատեսված դեպքերում և միայն զորամասի հրամանատարի կամ նրա տեղակալի ցուցումով` դրանց գործադրման պահից 24 ժամվա ընթացքում այդ մասին ծանուցելով դատախազին.
- ծառայողական շներ` սույն հոդվածի առաջին մասի «ա», «բ», «գ», «դ», «ե», «զ», «է», «ը», և «ժ» կետերով նախատեսված դեպքերում:
Հատուկ միջոցների բոլոր տեսակները կարող են գործադրվել նաև սույն օրենքի 21 հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում:
Արգելվում է հատուկ միջոցներ գործադրել հղիության նկատելի նշաններով կանանց, հաշմանդամության ակնհայտ նշաններով անձանց և անչափահասների նկատմամբ` բացառությամբ նշված անձանց կողմից ցույց տրվող զինված դիմադրության, մարդկանց կյանքին և առողջությանը վտանգ սպառնացող գործողությունների դեպքերի:
Անհրաժեշտ պաշտպանության կամ ծայրահեղ անհրաժեշտության վիճակում ոստիկանության զորքերի զինծառայողը հատուկ միջոցների կամ հրազենի բացակայության դեպքում իրավունք ունի օգտագործել ձեռքի տակ եղած ցանկացած այլ միջոց:
(20-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-1-Ն)