Հոդված 17. Օրենքի 40-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 17. Օրենքի 40-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 40. Պարտապանի և (կամ) նրա գույքի հետախուզում հայտարարելը
1. Պարտապանի և (կամ) նրա գույքի գտնվելու վայրի մասին տեղեկություններ չլինելու դեպքում հարկադիր կատարողը որոշում է կայացնում պարտապանի և (կամ) նրա գույքի հետախուզում հայտարարելու մասին:
2. Պարտապանի գույքի հետախուզումն իրականացնում է հարկադիր կատարման ծառայությունը` սույն օրենքով սահմանված կարգով: Պարտապանի գույքի հետախուզում չի իրականացվում մինչև 50.000 դրամ պահանջի բավարարմանն ուղղված գույքային բնույթի կատարողական վարույթներով և ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով, բացառությամբ քրեական գործերով տուգանքների բռնագանձման և գույքի բռնագրավման, ալիմենտային, աշխատավարձի բռնագանձման և կյանքին ու առողջությանը պատճառված վնասի հատուցման վերաբերյալ կատարողական վարույթներով:
3. Պարտապանի գույքի հետախուզումն իրականացվում է անշարժ գույքի կադաստր, պետական ռեգիստր, դեպոզիտարիա, հարկային, մաքսային, պետավտոտեսչության մարմիններին հարցումներ կատարելու միջոցով:
Հարկադիր կատարման ծառայությունը Հայաստանի Հանրապետության բոլոր առևտրային բանկերին պարտապանի գույքի վերաբերյալ հարցումներ ուղարկում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տրամադրած հատուկ կապուղու միջոցով, որի շահագործման, էլեկտրոնային փոստի օգտագործման կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ:»:
4. Պարտապան ֆիզիկական անձի հետախուզումն իրականացվում է միայն այն դեպքերում, երբ նրա բացակայությունն անհնար է դարձնում կատարողական գործողությունների իրականացումը:
Պարտապան ֆիզիկական անձի հետախուզումը հարկադիր կատարողի համապատասխան որոշման հիման վրա իրականացնում են ոստիկանությունը, ինչպես նաև այն անձինք և կազմակերպությունները, որոնք ունեն համապատասխան գործունեություն իրականացնելու թույլտվություն (լիցենզիա):
5. Եթե պահանջատերը (պահանջատերերը) ունի տեղեկություն պարտապանի գույքի կամ դրա գտնվելու վայրի վերաբերյալ, ապա պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել հարկադիր կատարողին:
6. Պետական մարմինները և այլ կազմակերպություններ պարտավոր են հարկադիր կատարողի հարցումներին պատասխանել յոթնօրյա ժամկետում, եթե օրենքով կամ այլ իրավական ակտերով հարցումներին պատասխանելու համար այլ ժամկետ սահմանված չէ:»: