Հոդված 10. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-րդ և 12.2-րդ հոդվածներով.
Հոդված 10. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-րդ և 12.2-րդ հոդվածներով.
«Հոդված 12.1. Հարկադիր կատարման ծառայության պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը
1. Հարկադիր կատարման ծառայության առաջատար խմբի հարկադիր կատարողի և տեսուչի թափուր պաշտոն առաջանալու դեպքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը նշանակում է մրցույթ պաշտոնը թափուր մնալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:
2. Հարկադիր կատարման ծառայության թափուր պաշտոնի մրցույթի մասին տրվում է հայտարարություն առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի միջոցով` մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ: Մրցույթի հայտարարության ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:
3. Մրցութային հանձնաժողովը քաղաքացուն չի թույլատրում մասնակցելու մրցույթին, եթե նա չի բավարարում սույն օրենքի 9-րդ հոդվածի պահանջները:
4. Մրցույթն անցկացվում է նաև, եթե մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ մասնակից:
5. Մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեստավորման և հարցազրույցի:
6. Թեստավորումը անցկացվում է գրավոր: Թեստերը կազմվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի սահմանած կարգով` համակարգչում զետեղված հարցաշարից և դրանցից պատահական ընտրված հարցերից` մասնակիցների գիտելիքները հետևյալ բնագավառներում ստուգելու համար.
ա) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության.
բ) հարկադիր կատարման ծառայության մասին օրենսդրության.
գ) հարկադիր կատարողի գործառույթները սահմանող Հայաստանի Հանրապետության օրենսդրության (մասնագիտական հարցեր):
Համակարգչում զետեղված հարցաշարը, ոչ ուշ, քան մրցույթ անցկացնելուց մեկ ամիս առաջ, պետք է տրամադրվի մասնակիցներին:
Թեստավորման առաջադրանքներում ընդգրկված յուրաքանչյուր հարց պետք է ունենա երեք կամ չորս ենթադրյալ պատասխան, որոնցից միայն մեկն է ճիշտ: Թեստավորման փուլն անցկացվում է մասնակիցների համար կոդերի կիրառմամբ` գաղտնիությունն ապահովելու նպատակով:
7. Մրցույթի երկրորդ` հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք են ձեռք բերում թեստավորման առաջադրանքների առնվազն իննսուն տոկոսին ճիշտ պատասխանած մասնակիցները:
Մասնակիցների հետ անցկացվում է հարցազրույց` նրանց գործնական կարողություններն ստուգելու նպատակով:
Մրցութային հանձնաժողովը հարցազրույցից հետո յուրաքանչյուր մասնակցի համար անցկացնում է քվեարկություն: Մրցութային հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ:
Մրցույթի հաղթող են ճանաչվում այն մասնակիցները, ովքեր քվեարկությունից հետո հավաքել են մրցութային հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները:
8. Մրցույթի արդյունքները հրապարակվում են մրցույթի անցկացման օրը:
9. Մրցույթի արդյունքների հրապարակվելուց հետո մասնակիցը (իր արդյունքների մասով) կամ մրցութային հանձնաժողովի անդամը արդյունքների հրապարակումից հետո՝ մեկ օրվա ընթացքում, այդ արդյունքները կարող է գրավոր բողոքարկել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին:
10. Մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո, գրավոր բողոքի բացակայության դեպքում, համապատասխան մրցութային հանձնաժողովը մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ եզրակացություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին: Եզրակացությունն ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկին նշանակում է համապատասխան պաշտոնում:
11. Եթե մրցույթից հետո մասնակիցներից ոչ մեկը թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխան չի տվել կամ հարցազրույցի մասնակիցներից ոչ մեկը քվեարկությունից հետո չի հավաքել մրցութային հանձնաժողովի` քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներ ու մրցույթում հաղթող չի ճանաչվել, ապա անցկացվում է նոր մրցույթ:
Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ ներկայացված բոլոր դիմումներում առկա է սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքերից որևէ մեկը, ինչպես նաև եթե մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած անձանցից ոչ մեկը չի ներկայացել, կամ մրցույթում հաղթած մասնակիցներից ոչ մեկը մրցույթի արդյունքների հրապարակումից հետո՝ երեք օրվա ընթացքում, պաշտոնում նշանակվելու համար դիմում չի ներկայացրել, ապա մրցույթը համարվում է չկայացած, և անցկացվում է նոր մրցույթ:
Նոր մրցույթը հայտարարվում է մեկ ամիս հետո սույն հոդվածով սահմանված կարգով:
12. Մրցութային հանձնաժողովը կազմավորում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը: Մրցութային հանձնաժողովի աշխատակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը: