Հոդված 9. Օրենքի 12-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 9. Օրենքի 12-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 12. Հարկադիր կատարման ծառայությունում պաշտոնի նշանակելու պայմանները
1. Գլխավոր հարկադիր կատարող կարող է նշանակվել այն հարկադիր կատարողը, որը մինչև նշանակումն զբաղեցրել է հարկադիր կատարման ծառայության բարձրագույն խմբի կամ առնվազն երեք տարի գլխավոր խմբի պաշտոն և ունի արդարադատության գնդապետից ոչ ցածր կոչում:
2. Վարչության պետ, վարչության պետի տեղակալ կամ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ կարող է նշանակվել այն հարկադիր կատարողը, որը զբաղեցրել է հարկադիր կատարման ծառայության բարձրագույն կամ առնվազն երեք տարի գլխավոր խմբի պաշտոն և ունի արդարադատության փոխգնդապետից ոչ ցածր կոչում:
3. Հարկադիր կատարման ծառայության գլխավոր խմբի պաշտոններում կարող է նշանակվել այն ծառայողը, որը զբաղեցրել է հարկադիր կատարման ծառայության բարձրագույն, գլխավոր խմբի կամ առնվազն երկու տարի առաջատար խմբի պաշտոն:
4. Հարկադիր կատարման ծառայության առաջատար խմբի պաշտոններում ծառայողների առաջխաղացումը կատարվում է տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո:
Հարկադիր կատարման ծառայության առաջատար խմբի հարկադիր կատարողի և տեսուչի պաշտոնները համալրվում են սույն օրենքով սահմանված կարգով` մրցույթի արդյունքների հիման վրա:
5. Հարկադիր կատարման ծառայությունում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են նշանակվել զինված ուժերի, ազգային անվտանգության, ոստիկանության, դատախազության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության այն ծառայողները (այդ թվում` նշված մարմինների նախկին ծառայողները), որոնք բավարարում են տվյալ պաշտոնին նշանակվելու համար հարկադիր կատարողներին ներկայացվող պահանջները:
Այլ մարմնում ծառայություն անցած և հարկադիր կատարման ծառայության գլխավոր խմբի թափուր պաշտոնի նշանակված հարկադիր կատարողին ավելի բարձր պաշտոնի նշանակելիս հաշվի է առնվում նաև այլ մարմնում ծառայության ժամկետը:
Զինված ուժերի, ազգային անվտանգության, ոստիկանության, դատախազության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պաշտոնների համապատասխանությունը հարկադիր կատարման ծառայության պաշտոններին սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
6. Հարկադիր կատարման ծառայությունում թափուր պաշտոնի կարող է նշանակվել ժամանակավոր պաշտոնակատար, բայց ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով:
Հարկադիր կատարման ծառայությունում ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության, այդ թվում` ծառայողական քննության դեպքում, կին ծառայողի նախածննդյան կամ հետծննդյան, ինչպես նաև ծառայողի` երեխային խնամելու արձակուրդի դեպքերում նրա պաշտոնը կարող է զբաղեցվել` հարկադիր կատարման ծառայության այլ փոխարինող ծառայողին տվյալ պաշտոնին գործուղելով:
Սույն մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված հիմքերի վերացման դեպքում փոխարինող ծառայողը սույն օրենքով սահմանված կարգով նշանակվում է հավասարազոր կամ իր համաձայնությամբ ավելի ցածր պաշտոնի:»: