Հոդված 11. Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 11. Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 13. Հարկադիր կատարողի ատեստավորման կարգն ու պայմանները
1. Յուրաքանչյուր տարի հարկադիր կատարողների առնվազն մեկ երրորդը ենթակա է պարտադիր ատեստավորման:
2. Հերթական ատեստավորումն անցկացվում է երեք տարին մեկ:
3. Ատեստավորումն անցկացվում է հարկադիր կատարողի անմիջական մասնակցությամբ:
4. Ատեստավորման ենթակա չեն`
1) հարկադիր կատարման ծառայության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնողները.
2) տվյալ պաշտոնը մեկ տարուց պակաս ժամկետով զբաղեցնող հարկադիր կատարողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել.
3) հղիության և ծննդաբերության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող հարկադիր կատարողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել.
4) սույն օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքով տվյալ տարում ծառայությունից ազատվողները:
Հղիության և ծննդաբերության կամ երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող հարկադիր կատարողները ենթակա են ատեստավորման արձակուրդից վերադառնալուց հետո ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե վերջիններս ցանկություն չեն հայտնել ավելի վաղ ատեստավորվելու համար:
Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող կամ ժամանակավոր անաշխատունակ հարկադիր կատարողները ենթակա են ատեստավորման ծառայության անցնելուց հետո` երկամսյա ժամկետում:
5. Ատեստավորման ենթակա հարկադիր կատարողները ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին, բացառությամբ սույն հոդվածի 8-րդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի:
6. Ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ անմիջական ղեկավարը ներկայացնում է հարկադիր կատարողի ծառայողական բնութագիրը:
Ծառայողական բնութագիրը պետք է բովանդակի տվյալներ հարկադիր կատարողի գործնական, մարդկային հատկանիշների մասին և ներառի ծառայողական գործունեության արդյունքների հիմնավորված գնահատականը:
Հարկադիր կատարողն ատեստավորումն անցկացնելու օրվանից առնվազն մեկ շաբաթ առաջ պետք է ծանոթանա իր ծառայողական բնութագրին:
Սույն հոդվածով սահմանված կարգով ծառայողական բնութագիր չներկայացնելը չի կարող բացասաբար ազդել հարկադիր կատարողի ատեստավորման արդյունքների վրա:
7. Ատեստավորման հանձնաժողովը կազմավորում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը: Ելնելով ծառայության առանձնահատկություններից՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը կարող է ձևավորել մեկից ավելի ատեստավորման հանձնաժողովներ:
Ատեստավորման անցկացման կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:
8. Ատեստավորումից հետո ատեստավորման հանձնաժողովն ընդունում է հետևյալ որոշումներից միայն մեկը.
1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.
2) ատեստավորումը հետաձգել և հարկադիր կատարողին գործուղել վերապատրաստման.
3) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:
Սույն մասի 2-րդ կետին համապատասխան՝ վերապատրաստման գործուղված հարկադիր կատարողի ատեստավորումն անցկացվում է վերապատրաստման ավարտից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, որի մասին ծառայողը տեղեկացվում է ոչ ուշ, քան ատեստավորման անցկացման օրվանից 5 օր առաջ:
9. Հարկադիր կատարողն ատեստավորման արդյունքներին ծանոթացվում է դրա անցկացման օրը: Հարկադիր կատարողն իրավունք ունի ատեստավորման հանձնաժողովին բողոքարկելու ատեստավորման արդյունքները դրանց ծանոթանալու օրվանից հետո՝ մեկ օրվա ընթացքում:
10. Ատեստավորման հանձնաժողովն ատեստավորման արդյունքները, այդ թվում` բողոքարկումները և դրանց քննարկման արդյունքներն ու կայացված որոշումները, ատեստավորման օրվանից հետո՝ 7 օրվա ընթացքում, ներկայացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին:
11. Ատեստավորման արդյունքները հավաստող փաստաթղթերը պահվում են հարկադիր կատարողի անձնական գործում:»: