Հոդված 24
Հոդված 24.
Օրենքի 34-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 34. Հարկադիր կատարողների նկատմամբ կիրառվող խրախուսանքի տեսակները
1. Երկարամյա ծառայության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները և առաջադրանքները պատշաճ կատարելու համար հարկադիր կատարողի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետևյալ տեսակները.
1) շնորհակալության հայտարարում.
2) միանվագ դրամական պարգևատրում.
3) հուշանվերով պարգևատրում.
4) արտահերթ կոչման շնորհում.
5) կրծքանշանով պարգևատրում:
2. Հարկադիր կատարողի նկատմամբ որպես խրախուսանք կարող է կիրառվել նախկինում նշանակված կարգապահական տույժը ժամկետից շուտ հանելը տույժը կիրառած ղեկավարի կամ նրա վերադասի կողմից: Եթե կարգապահական տույժը նշանակել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, ապա նախկինում նշանակված կարգապահական տույժը ժամկետից շուտ կարող է հանել միայն նա:
3. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված խրախուսանքը հարկադիր կատարողի նկատմամբ ծառայության ամբողջ ընթացքում կարող է կիրառվել մեկ անգամ:
4. Միաժամանակ կարող է կիրառվել խրախուսանքի մի քանի տեսակ:
5. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված խրախուսանքները կիրառում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված խրախուսանքի:
Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված խրախուսանքը կիրառում է գլխավոր հարկադիր կատարողը (բացառությամբ վարչության ծառայողների նկատմամբ)` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի համաձայնությամբ:
Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված խրախուսանքը վարչության ծառայողների նկատմամբ կիրառելու միջնորդությունը վարչության պետը, նախապես համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հետ, ներկայացնում է գլխավոր հարկադիր կատարողին, որը յոթնօրյա ժամկետում արձակում է համապատասխան հրաման:
Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված խրախուսանքները կարող է կիրառել նաև գլխավոր հարկադիր կատարողը (բացառությամբ վարչության ծառայողների նկատմամբ):
Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված խրախուսանքը վարչության ծառայողների նկատմամբ կարող է կիրառել նաև վարչության պետը:
6. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված կրծքանշանի տեսակները և ձևերը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:
7. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ և 5-րդ կետերով նախատեսված խրախուսանքները կիրառվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով սահմանված համապատասխան միջոցների հաշվին:»: