Հոդված 23. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատիժն ավելի մեղմ պատժով փոխարինելու, դատվածությունը հանելու վերաբերյալ պրոբացիայի ծառայության կողմից զեկույցներ տրամադրելը
Հոդված 23. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատիժն ավելի մեղմ պատժով փոխարինելու, դատվածությունը հանելու վերաբերյալ պրոբացիայի ծառայության կողմից զեկույցներ տրամադրելը
(վերնագիրը փոփ. 23.05.18 ՀՕ-335-Ն)
1. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատիժն ավելի մեղմ պատժով փոխարինելու վերաբերյալ զեկույցը տրամադրում է պատժի կրման վայրի պրոբացիայի ծառայության տարածքային մարմինը (սույն գլխում այսուհետ` տարածքային մարմին), դատվածությունը հանելու վերաբերյալ զեկույց տրամադրում է պրոբացիայի շահառուի մշտական բնակության վայրի տարածքային մարմինը, իսկ մշտական բնակության վայր չունեցող կամ օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձանց դեպքում՝ նրա փաստացի բնակության վայրի կամ համապատասխան դատարանի դատական տարածքում գտնվող կամ պատժի կրման վայրի տարածքային մարմինը:
2. Տարածքային մարմինը դատվածությունը հանելու վերաբերյալ զեկույցը ներկայացնում է դատարանի պահանջի հիման վրա, իսկ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ զեկույցը՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում դատապարտյալի կողմից պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատիժն ավելի մեղմ պատժով փոխարինելու դիմումի մասին պաշտոնական ծանուցում ստանալու դեպքում:
3. Զեկույց տրամադրելու համար տարածքային մարմինն անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում պարզում է պրոբացիայի շահառուի գտնվելու վայրը, կապ է հաստատում և հանդիպում նրա հետ, համապատասխան քրեակատարողական հիմնարկից պահանջում է անձի անձնական գործը կամ տեղում ծանոթանում է անձնական գործին և կազմում է պրոբացիայի շահառուի անձնական գործը:
4. Պրոբացիայի շահառուին չհայտնաբերելու դեպքում պրոբացիայի ծառայողն այդ մասին կազմում է արձանագրություն և ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում զեկույց պահանջած դատարան:
5. Պրոբացիայի ծառայողը տվյալների շտեմարանում առկա տեղեկությունների, անձնական գործի, պրոբացիայի շահառուի, նրա ուսման կամ աշխատանքի վայրի վարչակազմի, ընտանիքի անդամների, ազգականների, ընկերների, հարևանների հետ հանդիպումների, հարցումների արդյունքում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, հիմնարկներից և այլ կազմակերպություններից ստացված տեղեկությունների, ինչպես նաև համապատասխան քրեակատարողական հիմնարկի ծառայողների և այլ անձանց տրամադրած տվյալների հիման վրա կազմում է զեկույց և ներկայացնում զեկույց պահանջած մարմին:
6. Պրոբացիայի շահառուն սեփական նախաձեռնությամբ կարող է իր վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ ներկայացնել զեկույցում ներառելու նպատակով:
7. Զեկույցի մեջ նշվում են պրոբացիայի շահառուի՝
1) անունը, ազգանունը, հայրանունը.
2) ծննդյան օրը, ամիսը, տարին.
3) անձի սոցիալ-հոգեբանական բնութագիրը.
4) աշխատունակությունը, աշխատանքային ստաժը և զբաղմունքի տեսակը.
5) կրթությունը.
6) առողջական վիճակը.
7) սոցիալական, գույքային դրությունը.
8) ընտանեկան դրությունը և խնամքի տակ գտնվող անձանց առկայությունը.
9) բնակության մշտական վայրի առկայությունը.
10) որոշակի հակումները, հնարավոր կախվածությունները, նախասիրությունները.
11) արարքի բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը.
12) իր կատարած հանցանքի նկատմամբ ունեցած վերաբերմունքը.
13) քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում դրսևորած վարքագիծը, աշխատանքային գործունեությունն ու մասնակցությունը մշակութային, կրթական միջոցառումներին.
14) ուղղմանը և վերասոցիալականացմանը վերաբերող տվյալներ.
15) այլ հանգամանքներ:
8. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատիժն ավելի մեղմ պատժով փոխարինելու, դատվածությունը հանելու վերաբերյալ զեկույցի կազմման կարգը սահմանում է համապատասխան նախարարը:
(23-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-283-Ն, լրաց., փոփ., խմբ. 23.05.18 ՀՕ-335-Ն)