Հոդված 34. Ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը
Հոդված 34. Ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը
1. Ընկերությունն իրավունք ունի, իսկ սույն օրենքով սահմանված դեպքերում` պարտավոր է նվազեցնել իր կանոնադրական կապիտալը:
Ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը կարող է իրականացվել ընկերության բոլոր մասնակիցների բաժնեմասերի անվանական արժեքների նվազեցման և (կամ) ընկերությանը պատկանող բաժնեմասերի մարման ճանապարհով:
Ընկերությունն իրավունք չունի նվազեցնել իր կանոնադրական կապիտալը, եթե արդյունքում դրա չափը կպակասի սույն օրենքով սահմանված կանոնադրական կապիտալի նվազագույն չափից:
Ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումն ընկերության բոլոր մասնակիցների միայն բաժնեմասերի անվանական արժեքը նվազեցնելու ճանապարհով պետք է իրականացվի ընկերության բոլոր մասնակիցների բաժնեմասերի չափերի պահպանմամբ:
2. Ընկերության պետական գրանցումից հետո` մեկ տարվա ընթացքում, կանոնադրական կապիտալն ամբողջությամբ չվճարելու դեպքում ընկերությունը պարտավոր է կամ հայտարարել իր կանոնադրական կապիտալի նվազեցում` մինչև կապիտալի փաստացի վճարված չափը և սույն օրենքով սահմանված կարգով գրանցել կանոնադրական կապիտալի նվազեցումը, կամ որոշում ընդունել ընկերության լուծարման մասին:
3. Եթե երկրորդ կամ յուրաքանչյուր հաջորդ ֆինանսական տարվա ավարտից հետո ընկերության զուտ ակտիվների արժեքը պակաս է կանոնադրական կապիտալից, ապա ընկերությունը պարտավոր է հայտարարել իր կանոնադրական կապիտալի նվազման մասին և սահմանված կարգով գրանցել դրա նվազումը:
4. Ընկերության կանոնադրական կապիտալի նվազման մասին որոշում ընդունելուց հետո` 30 օրվա ընթացքում, ընկերությունը պարտավոր է կանոնադրական կապիտալի նվազեցման և նրա նոր չափի մասին գրավոր տեղեկացնել իրեն հայտնի ընկերության բոլոր պարտատերերին, ինչպես նաև այդ մասին հայտնել իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին: Ընկերության պարտատերերն իրավունք ունեն գրավոր տեղեկացումն ստանալու պահից` 30 օրվա ընթացքում, պահանջել իրենց նկատմամբ ընկերության պարտավորությունների վաղաժամկետ դադարում կամ կատարում, ինչպես նաև` իրենց վնասների հատուցում:
5. Եթե սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքերում ընկերությունը մեկ ամսվա ընթացքում որոշում չի ընդունի իր կանոնադրական կապիտալը նվազեցնելու կամ ընկերության լուծարման վերաբերյալ, ապա նրա պարտատերերն իրավունք ունեն ընկերությունից պահանջել ընկերության վաղաժամկետ պարտավորությունների դադարում կամ վաղաժամկետ կատարում և իրենց պատճառված վնասների հատուցում: Այս դեպքում իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմինը պարտավոր է դատարան հայց ներկայացնել` ընկերության լուծարման մասին: