Հոդված 3. Հիմնական դրույթներ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների վերաբերյալ
Հոդված 3. Հիմնական դրույթներ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների վերաբերյալ
1. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (այսուհետ` ընկերություն) է համարվում մեկ կամ մի քանի անձանց հիմնադրած ընկերությունը, որի կանոնադրական կապիտալը բաժանված է ընկերության կանոնադրությամբ սահմանված չափերով բաժնեմասերի:
2. Ընկերությունն իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող առևտրային կազմակերպություն է:
3. Ընկերությունը որպես սեփականություն ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից ձեռք բերել և իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
4. Ընկերությունն ունի օրենքով չարգելված քաղաքացիական այնպիսի իրավունքներ, որոնք անհրաժեշտ են նրա գործունեության իրականացման համար, եթե դա չի հակասում ընկերության կանոնադրությամբ սահմանված գործունեության առարկային և նպատակներին:
5. Ընկերությունն իրավունք ունի սահմանված կարգով բացել բանկային հաշիվներ Հայաստանի Հանրապետությունում և նրա սահմաններից դուրս:
6. Ընկերությունը պետք է ունենա իր ֆիրմային անվանումը հայերեն լեզվով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` կառավարություն) կողմից սահմանված այլ վավերապայմաններ պարունակող կլոր կնիք: Ընկերության կնիքը կարող է պարունակել նաև ընկերության անվանումը կամ ֆիրմային անվանումն օտար լեզուներով, ինչպես նաև նրա ապրանքային նշանի պատկերը կամ խորհրդանիշը:
7. Ընկերությունը կարող է ունենալ իր անվանումը կամ ֆիրմային անվանումը պարունակող ձևաթղթեր, խորհրդանիշ, ապրանքային նշան և անհատականացման այլ միջոցներ:
8. Ընկերության գտնվելու վայրը նրա մշտական գործող մարմնի գտնվելու վայրն է: