Հոդված 37.1. Ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործումը
Հոդված 37.1. Ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործումը
Ստորերկրյա ջրային ռեսուրսներն օգտագործվում են բեռնաթափվող աղբյուրներով և դրենաժային հոսքով, ինչպես նաև հորատանցքերով:
Արտեզյան (ճնշումային) և գրունտային ստորերկրյա ջրերի օգտագործումն իրականացվում է արդյունահանման եղանակով՝ հորատանցքի միջոցով:
Բնաղբյուրն օգտագործվում է անմիջականորեն կամ ջրհավաքման (կապտաժ) կառույցների միջոցով:
Առաջնահերթ օգտագործման ենթակա են մեկ և ավելի տարիների տևողությամբ մշտադիտարկումների ենթարկված ստորերկրյա քաղցրահամ ջրաղբյուրները:
Հորից ջրօգտագործման դադարեցման դեպքում հորի լուծարման կամ կոնսերվացման աշխատանքներն իրականացվում են ջրօգտագործման թույլտվությամբ մասնագիտացված կազմակերպության կողմից` ջրօգտագործողի միջոցներով:
Ստորերկրյա քաղցրահամ ջրերն առաջին հերթին օգտագործվում են խմելու, առողջապահական, կոմունալ և կենցաղային ջրամատակարարման համար:
Հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործումն իրականացվում է երկու փուլով. հորատանցքի կառուցմամբ` հորատանցքի նախագծային երկրաբանատեխնիկական կտրվածքի հիման վրա, և հորատանցքի շահագործմամբ` կառուցված հորատանցքի անձնագրի հիման վրա:
Ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատման գործունեությունը ծանուցման ենթակա գործունեության տեսակ է: Ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատման գործունեության ծանուցումը ներկայացվում է շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմին:
Հորատանցքի նախագծային երկրաբանատեխնիկական կտրվածքը և անձնագրի ձևերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Մինչև տվյալ տարածքի ջրավազանային կառավարման պլանի հաստատումը արգելվում է Արարատյան դաշտում (Արարատի և Արմավիրի մարզեր) նոր հորատանցքերի ջրօգտագործման թույլտվության տրամադրումը:
Ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքն առցանց հետևելու տեխնիկական սարքավորումների տեղադրման և օգտագործման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(37.1-ին հոդվածը խմբ., լրաց. 17.11.17 ՀՕ-208-Ն, փոփ. 04.03.20 ՀՕ-111-Ն)