Հոդված 5. Ջրային ռեսուրսների և ջրային համակարգերի կառավարման, օգտագործման և պահպանության հիմնական սկզբունքները
Հոդված 5. Ջրային ռեսուրսների և ջրային համակարգերի կառավարման, օգտագործման և պահպանության հիմնական սկզբունքները
Հայաստանի Հանրապետությունում ջրային ռեսուրսների և ջրային համակարգերի կառավարման, օգտագործման և պահպանության հիմնական սկզբունքներն են՝
1) ներկա և ապագա սերունդների հիմնական կենսական կարիքների բավարարումը.
2) ազգային ջրային պաշարի ծավալների պահպանումը և ավելացումը.
3) ջրային և հարակից էկոհամակարգերի և դրանց կենսաբանական բազմազանության պաշտպանությունը, ինչպես նաև հողի, օդի, ջրի և կենսաբանական բազմազանության ամբողջական և կապակցված հարաբերությունների ճանաչումը.
4) ջրօգտագործման թույլտվությունների միջոցով ջրօգտագործման կարգավորումը.
5) ջրամատակարարման համակարգերի կառավարումը և կարգավորումը.
6) օգտագործելի ջրային ռեսուրսների մատչելիության արդարացի սկզբունքների խթանումը.
7) ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման խթանումը՝ ի շահ հասարակության.
8) ստորերկրյա և մակերևութային ջրային ռեսուրսների փոխկապակցվածության և համալիր կառավարման ընդունումը.
9) օգտագործելի ջրային ռեսուրսների նկատմամբ բնակչության և տնտեսության աճող պահանջարկի պլանավորումը և բավարարումը.
10) ջրային ռեսուրսների օգտագործման, բաշխման և պահպանության գործընթացներում ջրի տնտեսական արժեքը հաշվի առնելը: Ջրային ռեսուրսների` որպես ազգային ժառանգության, պաշտպանությունը, պահպանությունը, օգտագործումը՝ ի շահ ապագա սերունդների.
11) ջուրն այլընտրանք չունի, այն ունի բնապահպանական և տնտեսական արժեք ոչ միայն այն դեպքում, երբ օգտագործվում է, այլ նաև, երբ չի օգտագործվում: Ջրի տնտեսական արժեքը հիմնականում կազմվում է ջրի խմելու, բնապահպանական, էներգետիկ ներուժի և գյուղատնտեսական արժեքների գումարից.
12) ջրի այլընտրանքային արժեքը կազմվում է այն առավելագույն օգուտից, որը կարող էր բերել, եթե օգտագործվեր որևէ այլընտրանքային ծրագրով և նպատակով.
13) սպառողի համար նվազագույն բավարար քանակության և անհրաժեշտ որակի ջրի օգտագործումը մատչելի դարձնելու նպատակով ջրի սակագինը սահմանվում է` ելնելով ջրի սակավության նվազեցված արժեքից.
14) պետական բյուջեում սուբսիդիաների կամ օրենսդրությամբ սահմանված հարկային արտոնությունների նախատեսում ֆինանսական ճեղքվածքի, այդ թվում՝ ջրամատակարարման և ջրահեռացման հավասար հասանելիության ապահովման նպատակով առաջացած ֆինանսական ճեղքվածքի մարման համար.
15) ջրային ռեսուրսների օգտագործում և տրամադրում վճարովի հիմունքներով՝ ջրօգտագործման երաշխավորված վճարների կիրառմամբ: Օգտագործելի ջրային ռեսուրսներն ազատ ջրօգտագործման են տրամադրվում սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ կառավարության սահմանած կարգով.
16) ջրային ռեսուրսների կառավարման և պահպանման գործընթացում հասարակության մասնակցության և իրազեկության կարևորության ճանաչումը.
17) ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի արդյունավետության բարձրացումը.
18) ՀՏԿ-ների անվտանգության և օգտագործման արդյունավետության խթանումը.
19) ջրային հարաբերություններում պարենային և ազգային անվտանգության ապահովումը.
20) ջրային ռեսուրսները, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը համարվում են կենսաապահովման օբյեկտներ և պահպանվում են օրենքով ու իրավական այլ ակտերով սահմանված կարգով.
21) ջրհեղեղների ու երաշտների աղետաբեր հետևանքները կառավարելու, դրանց դիմակայելու և դրանցից խուսափելու համար հնարավորությունների ստեղծումը.
22) ջրային ռեսուրսների աղտոտման նվազեցումն ու կանխարգելումը.
23) աղտոտված ջրերի մաքրման ծախսերի փոխհատուցումն աղտոտողի կողմից.
24) էկոլոգիական թողքերի հաշվին ջրօգտագործողների պահանջների բավարարման արգելումը:
(5-րդ հոդվածը խմբ., փոփ. 23.06.15 ՀՕ-108-Ն, լրաց. 07.07.22 ՀՕ-316-Ն)
(07.07.22 ՀՕ-316-Ն օրենքն ունի անցումային դրույթ)