Հոդված 61.1. Պետական և համայնքային սեփականություն համարվող ոռոգման համակարգը
Հոդված 61.1. Պետական և համայնքային սեփականություն համարվող ոռոգման համակարգը
Ոռոգման համակարգը ըստ ֆունկցիոնալ նշանակության դասակարգվում է`
1) մայրուղային ոռոգման համակարգ` ջրային աղբյուրից սկիզբ առնող միջհամայնքային, տնտեսային կամ ներտնտեսային ոռոգման համակարգերին ոռոգման ջուր մատակարարող համակարգ (առաջին կարգի (հիմնական) ջրատարներ և պոմպակայաններ, մայր ջրանցքներ).
2) ոռոգման միջհամայնքային (միջտնտեսային) համակարգ` մայրուղային ոռոգման համակարգից սկիզբ առնող մեկից ավելի համայնքների ոռոգելի հողերին ոռոգման ջուր մատակարարող համակարգ (երկրորդ կարգի ջրանցքներ և պոմպակայաններ).
3) ոռոգման տնտեսային համակարգ` մայրուղային կամ միջտնտեսային ոռոգման համակարգերից սկիզբ առնող և միայն մեկ համայնքի ոռոգելի հողերին ոռոգման ջուր մատակարարող համակարգ (երրորդ կարգի ջրանցքներ).
4) ոռոգման ներտնտեսային համակարգ` տնտեսային ոռոգման համակարգերից, ինչպես նաև տեղական ջրաղբյուրներից սկիզբ առնող և միայն մեկ համայնքի ոռոգելի հողատարածքներին ոռոգման ջուր բաշխող համակարգ (չորրորդ կարգի ջրանցքներ կամ բաշխիչ ցանցեր):
Պետական սեփականություն համարվող առաջին և երկրորդ կարգի ոռոգման համակարգերը մասնավորեցման ենթակա չեն: Դրանք կարող են փոխանցվել միայն օգտագործման իրավունքով ջրամատակարարներին` սույն օրենսգրքով սահմանված կարգով:
Պետական սեփականություն համարվող երրորդ կարգի ոռոգման համակարգերը, որոնք չեն կառուցվել մասնավոր ներդրումների միջոցով, կարող են սեփականության իրավունքով փոխանցվել համայնքին:
Պետական սեփականություն համարվող չորրորդ կարգի ոռոգման համակարգերը, որոնք չեն կառուցվել մասնավոր ներդրումների միջոցով, կարող են սեփականության իրավունքով տրվել համայնքին, ջրամատակարարներին` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
(61.1-ին հոդվածը լրաց. 24.10.11 ՀՕ-273-Ն)