Հոդված 45. Ապահովագրական ստաժը և դրանում հաշվառվող գործունեության ժամանակահատվածները
Հոդված 45. Ապահովագրական ստաժը և դրանում հաշվառվող գործունեության ժամանակահատվածները
1. Ապահովագրական ստաժը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված աշխատանքային և այլ գործունեության ժամանակահատվածների հանրագումարն է, որի ընթացքում ֆիզիկական անձը ենթակա է եղել պարտադիր կենսաթոշակային սոցիալական ապահովագրության, և նրա կողմից օրենքով սահմանված կարգով կատարվել են պարտադիր կենսաթոշակային սոցիալական ապահովագրության վճարումներ:
Ապահովագրական ստաժը հաշվառվում է տարիներով և հաշվարկվում է` օրենքով սահմանված չափերով վճարումներ կատարած ամիսների թիվը 12-ի բաժանելով:
Եթե ապահովագրված անձի կատարած պարտադիր կենսաթոշակային սոցիալական ապահովագրության վճարումները պակաս են եղել վճարելու պահին գործող օրենքով սահմանված տարեկան չափից, ապա այդ տարվա ապահովագրական ստաժը համամասնորեն պակասեցվում է:
2. Մեկ օրացուցային տարվա համար չի կարող հաշվարկվել մեկ տարուց ավելի ապահովագրական ստաժ, բացառությամբ սույն օրենքի 48-րդ հոդվածով սահմանված կարգի:
3. Ուսումնական հաստատություններում առկա (ցերեկային) ուսման ժամանակահատվածները հաշվառվում են ապահովագրական ստաժի մեջ, եթե ուսման տարիներին կամ ուսումն ավարտելուց հետո` տասը տարվա ընթացքում, ֆիզիկական անձը վճարումներ է կատարել վճարման պահին գործող օրենսդրությամբ վարձու աշխատողի համար սահմանված պարտադիր կենսաթոշակային սոցիալական ապահովագրության վճարի նվազագույնի չափով:
4. Զինվորական ծառայությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործերի, արտակարգ իրավիճակների հանրապետական գործադիր մարմիններում, ինչպես նաև մարտական գործողությունների ընթացքում գործող բանակի կազմում, պարտիզանական ջոկատներում և միավորումներում գտնվելու ժամանակահատվածները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հաշվառվում են ապահովագրական ստաժում:
5. Կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ 5 տարվա ապահովագրական (աշխատանքային) ստաժի առկայության դեպքում ապահովագրական ստաժում հաշվառվում են նաև`
1) պարտադիր զինվորական ծառայության ժամանակահատվածը.
2) ժամանակավոր անաշխատունակության նպաստ ստանալու ժամանակահատվածը.
3) գործազրկության նպաստ ստանալու ժամանակահատվածը.
4) ծնողներից (որդեգրողներից, խնամակալներից) մեկի` հաշմանդամ երեխային մինչև նրա 18 տարին լրանալը կամ խնամակալ ճանաչված անձի` առաջին խմբի հաշմանդամին խնամելու ժամանակահատվածը` տասը տարուց ոչ ավելի.
5) ծնողներից (որդեգրողներից) մեկի` մինչև յուրաքանչյուր երեխայի երկու տարին լրանալը երեխային խնամելու ժամանակահատվածը` վեց տարուց ոչ ավելի.
6) բռնադատված, անհիմն կերպով քրեական պատասխանատվության ենթարկված և հետագայում օրենքով սահմանված կարգով արդարացված անձի` կալանքի տակ գտնվելու, ազատազրկման վայրերում և աքսորավայրերում պատիժ կրելու ժամանակահատվածները.
7) սպայական կազմի, ենթասպայական կազմի և գերակետիկ ծառայության զինծառայող ամուսնու հետ համատեղ ապրած ժամանակահատվածն այն վայրերում, որտեղ բացակայել է ըստ մասնագիտության աշխատանքի տեղավորվելու հնարավորությունը, սակայն հինգ տարուց ոչ ավելի.
8) օտարերկրյա պետությունում գործող` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմին դիվանագիտական ծառայության մեկնած ամուսնու հետ համատեղ ապրած ժամանակահատվածը, սակայն հինգ տարուց ոչ ավելի:
6. Սույն հոդվածի չորրորդ մասով և հինգերորդ մասի 1-ին, 4-8-րդ կետերով սահմանված ժամանակահատվածների համար ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցներից` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: