Հոդված 60. Կենսաթոշակ վճարելը կասեցնելը, դադարեցնելը և վերսկսելը
Հոդված 60. Կենսաթոշակ վճարելը կասեցնելը, դադարեցնելը և վերսկսելը
1. Կենսաթոշակ վճարելը կասեցվում է`
1) կենսաթոշակառուի կողմից վեց ամիս անընդմեջ անձամբ կենսաթոշակ չստանալու դեպքում.
2) հաշմանդամության ժամկետը լրանալու դեպքում:
Կենսաթոշակ վճարելը կասեցվում է նշված հանգամանքների առաջացման ամսին հաջորդող ամսվա 1-ից:
2. Կենսաթոշակ վճարելը դադարեցվում է`
1) կենսաթոշակառուի մահվան, ինչպես նաև մահացած կամ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում.
2) կենսաթոշակառուի կողմից տասներկու ամիս անընդմեջ անձամբ կենսաթոշակ չստանալու դեպքում.
3) հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո` երեք ամսվա ընթացքում, կրկին հաշմանդամ չճանաչվելու դեպքում.
4) կերակրողին կորցնելու դեպքում նշանակված կենսաթոշակի սահմանված ժամկետը լրանալու կամ կենսաթոշակի իրավունքը կորցնելու դեպքում.
5) օտարերկրյա պետություն մշտական բնակության մեկնելու դեպքում.
6) նշանակված կենսաթոշակի իրավունքը կորցնելու (կենսաթոշակի գործում կեղծ (ոչ հավաստի) փաստաթղթեր հայտնաբերելու) դեպքում:
Սույն հոդվածի երկրորդ մասի 1-5-րդ կետերում նշված դեպքերում կենսաթոշակ վճարելը դադարեցվում է այդ հանգամանքների առաջացման ամսին հաջորդող ամսվա 1-ից, իսկ 6-րդ կետում նշված դեպքում` հայտնաբերման օրվանից:
3. Կասեցված կենսաթոշակի վճարումը վերսկսվում է կասեցման օրվանից`
1) սույն հոդվածի առաջին մասի 1-ին կետում նշված դեպքում` կենսաթոշակառուի գրավոր դիմումի և անձը հաստատող փաստաթղթի հիման վրա.
2) սույն հոդվածի առաջին մասի 2-րդ կետում նշված դեպքում` սույն օրենքի 24-րդ հոդվածով սահմանված կարգով` բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնից ստացված` անձի հաշմանդամությունը հաստատող տեղեկանքի հիման վրա:
4. Դադարեցված կենսաթոշակի վճարումը վերսկսվում է`
1) կենսաթոշակառուին մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելու մասին որոշումը չեղյալ համարելու վերաբերյալ դատարանի կողմից որոշում կայացնելուց հետո` կենսաթոշակառուի գրավոր դիմելու ամսին հաջորդող ամսվա 1-ից.
2) հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո` տասներկու ամսվա ընթացքում, հաշմանդամ ճանաչվելու օրվանից` բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնից ստացված` անձի հաշմանդամությունը հաստատող տեղեկանքի հիման վրա, իսկ այդ ժամկետից հետո հաշմանդամ ճանաչվելու դեպքում` անձի գրավոր դիմումի հիման վրա:
3)18 տարին լրացած անձի` կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի վճարումը դադարեցնելու օրվանից, եթե ուսման մասին ուսումնական հաստատությունից տեղեկանք է ներկայացվում այդ օրվանից հետո` 3 ամսվա ընթացքում, իսկ այդ ժամկետից հետո տեղեկանք ներկայացնելու դեպքում` անձի գրավոր դիմելու ամսին հաջորդող ամսվա 1-ից:
Դադարեցված կենսաթոշակի վճարումը կենսաթոշակի իրավունք տվող նոր հանգամանքներ առաջանալու կամ նախկին հանգամանքները պատշաճ կարգով հաստատվելու դեպքում վերսկսվում է կենսաթոշակառուի գրավոր դիմելու և անհրաժեշտ այլ փաստաթղթեր ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից, եթե այդ կենսաթոշակի վճարումը դադարեցնելու օրվանից անցել է տասը տարուց ոչ ավելի ժամանակահատված:
Կենսաթոշակի վճարումը վերսկսելու դեպքում տվյալ կենսաթոշակի իրավունքը չի վերանայվում: Այս դեպքում կենսաթոշակի չափը հաշվարկվում է` հաշվի առնելով սույն օրենքի 17-19-րդ հոդվածներին համապատասխան սահմանված հիմնական կենսաթոշակի չափը, ապահովագրական ստաժի մեկ տարվա արժեքը և կենսաթոշակառուի անձնական գործակիցը:
Կասեցված կամ դադարեցված կենսաթոշակի վճարումը կատարվում է սույն օրենքի 57-րդ հոդվածով սահմանված կարգով:
(60-րդ հոդվածը լրաց. 11.11.05 ՀՕ-223-Ն)