Հոդված 26. Նախընտրական հիմնադրամի ձևավորումը
Հոդված 26. Նախընտրական հիմնադրամի ձևավորումը
1. Ազգային ժողովի, համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրությունների դեպքում ընտրություններին մասնակցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները), ինչպես նաև սույն օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում մեծամասնական ընտրակարգով ընտրվող համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուները պարտավոր են բացել նախընտրական հիմնադրամ թեկնածուին, ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակը գրանցելու վերաբերյալ որոշումն ընդունելուց հետո՝ 5 օրվա ընթացքում: Նախընտրական հիմնադրամ չբացելու համար վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում նախընտրական հիմնադրամ չբացելու դեպքում իրավասու ընտրական հանձնաժողովը դիմում է դատարան թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջով: Կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունները և ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակով առաջադրված թեկնածուներն առանձին նախընտրական հիմնադրամ ձևավորելու իրավունք չունեն: Ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) և թեկնածուների նախընտրական հիմնադրամի միջոցները հավաքվում են Երևանում և հանրապետության բոլոր մարզերում մասնաճյուղ ունեցող որևէ առևտրային բանկում։ Այս բանկերի ցանկը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը: Նախընտրական հիմնադրամ ձևավորելու նպատակով, թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) դիմումների հիման վրա, բանկերը բացում են ժամանակավոր հատուկ հաշվեհամարներ, որոնք պետք է ունենան անկանխիկ եղանակով վճարումներ իրականացնելու հնարավորություն (օնլայն բանկինգ, վճարային քարտ և այլն): Այդ հաշվեհամարներից եկամուտներ չեն հաշվարկվում և չեն վճարվում:
2. Թեկնածուի նախընտրական հիմնադրամը ձևավորվում է`
1) իր կատարած նվիրատվություններից.
2) իրեն առաջադրած կուսակցության կատարած նվիրատվություններից.
3) ընտրելու իրավունք ունեցող անձանց նվիրատվություններից:
3. Ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) նախընտրական հիմնադրամը ձևավորվում է`
1) այդ կուսակցության (դաշինքի անդամ կուսակցությունների) կատարած նվիրատվություններից.
2) ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի կատարած նվիրատվություններից.
3) ընտրելու իրավունք ունեցող անձանց նվիրատվություններից:
4. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում չնշված ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից նախընտրական հիմնադրամների հաշվին մուծված գումարները փոխանցվում են պետական բյուջե: Պետական բյուջե են փոխանցվում նաև նախընտրական հիմնադրամների հաշվին կատարված անանուն նվիրատվությունները:
5. Նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների և հիմնադրամներից կատարվող ծախսերի հաշվառման կարգը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
5.1. Նախընտրական հիմնադրամ մուծումներ կատարող ֆիզիկական անձինք պարտավոր են նշել իրենց անունը, ազգանունը և անձը հաստատող փաստաթղթի համարը, որոնք հրապարակման ենթակա չեն։
6. Նախընտրական հիմնադրամներում կատարվող նվիրատվությունների առավելագույն չափերը սահմանվում են սույն օրենսգրքով: Նախընտրական հիմնադրամներ կատարված նվիրատվությունների` սույն օրենսգրքով սահմանված առավելագույն չափերը գերազանցող մասերը փոխանցվում են պետական բյուջե:
7. Այն բանկերը, որտեղ բացված են ժամանակավոր հատուկ հաշվեհամարներ, թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետի ավարտից հետո` 3 աշխատանքային օրը մեկ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն տեղեկանք են ներկայացնում թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ: Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունն ամփոփում է այդ տվյալները, կազմում ամփոփ տեղեկանք և այն տեղադրում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:
8. Նախընտրական հիմնադրամի միջոցների նկատմամբ չի կարող կիրառվել արգելանք, այդ միջոցները չեն կարող հանդիսանալ բռնագանձման առարկա՝ թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) նախընտրական քարոզչության հետ չկապված անձնական բնույթի պարտավորություններով:
(26-րդ հոդվածը փոփ., լրաց. 18.06.20 ՀՕ-333-Ն, փոփ., խմբ., լրաց. 07.05.21 ՀՕ-202-Ն)
(18.06.20 ՀՕ-333-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(հոդվածը 07.05.21 ՀՕ-202-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.01.2022 թվականին, իսկ 1-4-րդ և 5.1-6-րդ մասերը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին վերաբերելի մասով ուժի մեջ են մտնում 26.06.21-ին` համաձայն նույն օրենքի 104-րդ հոդվածի 3-րդ մասի)
(07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի անցումային դրույթ)