Հոդված 312. Էական նշանակություն ունեցող մոլորության ազդեցության տակ կնքված գործարքի անվավերությունը
Հոդված 312. Էական նշանակություն ունեցող մոլորության ազդեցության տակ կնքված գործարքի անվավերությունը
1. Էական նշանակություն ունեցող մոլորության ազդեցության տակ կնքված գործարքը դատարանով կարող է անվավեր ճանաչվել մոլորության ազդեցության ներքո գործած կողմի հայցով:
Էական նշանակություն ունի գործարքի բնույթի կամ դրա առարկայի այնպիսի հատկանիշների վերաբերյալ մոլորությունը, որոնք զգալիորեն պակասեցնում են այն ըստ նշանակության օգտագործելու հնարավորությունները:
Գործարքի շարժառիթների վերաբերյալ մոլորությունն էական նշանակություն չունի:
2. Եթե գործարքն անվավեր է ճանաչվել որպես էական նշանակություն ունեցող մոլորության ազդեցության տակ կնքված, համապատասխանաբար կիրառվում են սույն օրենսգրքի 304 հոդվածի 2-րդ կետով նախատեսված կանոնները:
Բացի դրանից, կողմը, որի հայցով գործարքն անվավեր է ճանաչվել, իրավունք ունի մյուս կողմից պահանջել իրեն պատճառված իրական վնասի հատուցում, եթե ապացուցի, որ մոլորությունն առաջացել է մյուս կողմի մեղքով: Եթե դա ապացուցված չէ, կողմը, որի հայցով գործարքն անվավեր է ճանաչվել, պարտավոր է մյուս կողմի պահանջով հատուցել նրան պատճառված իրական վնասը, եթե անգամ մոլորությունը ծագել է մոլորված կողմից անկախ հանգամանքներում: