Հոդված 451. Օֆերտա
Հոդված 451. Օֆերտա
1. Օֆերտան մեկ կամ մի քանի կոնկրետ անձանց հասցեագրված առաջարկն է, որը որոշակիորեն արտահայտում է առաջարկողի մտադրությունը` պայմանագիրը կնքված համարել առաջարկն ընդունած հասցեատիրոջ հետ:
Օֆերտան պետք է պարունակի պայմանագրի էական պայմանները:
2. Օֆերտան կաշկանդում է ուղարկող անձին` այն հասցեատիրոջ կողմից ստանալու պահից:
Եթե օֆերտայի հետկանչի մասին ծանուցումն ստացվել է օֆերտան ստանալուց առաջ կամ դրա հետ միաժամանակ, ապա օֆերտան համարվում է չուղարկված:
3. Եթե օրենքով, այլ իրավական ակտերով կամ կողմերի համաձայնությամբ այլ բան նախատեսված չէ, ապա էլեկտրոնային եղանակով պայմանագիր կնքելիս օֆերտան համարվում է ստացված այն պահից, երբ՝
1) այն մուտք է գործում հասցեատիրոջ նշած տեղեկատվական համակարգ կամ նրա կողմից կիրառվող կամ շահագործվող էլեկտրոնային հարթակ, կամ
2) այն հայտնաբերել է հասցեատերը, եթե օֆերտան ուղարկվել է հասցեատիրոջ չնշած տեղեկատվական համակարգ:
(451-րդ հոդվածը լրաց. 17.06.16 ՀՕ-115-Ն, փոփ., լրաց. 24.05.23 ՀՕ-184-Ն)