Հոդված 175. Հավաքելու համար հանրամատչելի գույքը սեփականացնելը
Հոդված 175. Հավաքելու համար հանրամատչելի գույքը սեփականացնելը
Այն դեպքերում, երբ օրենքին համապատասխան, սեփականատիրոջ ընդհանուր թույլտվությամբ կամ տեղական սովորույթի համաձայն, թույլատրվում է անտառներում, ջրավազաններում կամ այլ տարածքներում հատապտուղներ կամ այլ հանրամատչելի գույք հավաքել, ձկան կամ կենդանիների որս կատարել, համապատասխան գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ձեռք է բերում այն հավաքած կամ որսած անձը:
⚖Հոդված 176. Պայմանագրով գույք ձեռք բերողի սեփականության իրավունքի ծագման պահը
1. Պայմանագրով գույքը ձեռք բերողի սեփականության իրավունքը ծագում է գույքը հանձնելու պահից, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
2. Այն դեպքերում, երբ գույքի նկատմամբ իրավունքը ենթակա է պետական գրանցման, ձեռք բերողի սեփականության իրավունքը ծագում է դրա գրանցման պահից:
3. Անձը կրիպտոակտիվի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք է բերում՝
1) ապակենտրոնացված գրանցամատյանում, դրա կանոնների համաձայն, կրիպտոակտիվ ստացող անձի հասցեում գրանցման պահից, եթե կրիպտոակտիվ ստացող անձը կամ նրա նշած անձն օրինական տիրապետում է կրիպտոակտիվին հասանելիություն ապահովող միջոցին․
2) օրենքի համաձայն՝ կրիպտոակտիվի պահառուի մոտ կրիպտոակտիվն ստացող անձի անունով գրանցման պահից:
(176-րդ հոդվածը լրաց. 24.10.24 ՀՕ-394-Ն)