Հոդված 62. Հիմնարկ
Հոդված 62. Հիմնարկ
1. Հիմնարկ է համարվում կառավարչական, սոցիալ-մշակութային, կրթական կամ ոչ առևտրային բնույթի այլ գործունեություն իրականացնելու համար իրավաբանական անձի ստեղծած կազմակերպությունը:
2. Հիմնարկն իրավաբանական անձ չէ և գործում է իրավաբանական անձի հաստատած կանոնադրության հիման վրա:
3. Հիմնարկը, օրենքով սահմանված շրջանակներում, իր գործունեության նպատակներին, իրավաբանական անձի հանձնարարություններին և իրեն ամրացված գույքի նշանակությանը համապատասխան, տիրապետում, օգտագործում ու տնօրինում է այդ գույքը:
4. Հիմնարկի պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում այն ստեղծած իրավաբանական անձը:
5. Պետական ու այլ հիմնարկների առանձին տեսակների իրավական վիճակի առանձնահատկությունները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:
⚖Հոդված 63. Իրավաբանական անձի վերակազմակերպումը
1. Իրավաբանական անձի վերակազմակերպումը (միաձուլումը, միացումը, բաժանումը, առանձնացումը, վերակազմավորումը) կատարվում է նրա հիմնադիրների (մասնակիցների) կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված իրավաբանական անձի մարմնի որոշման հիման վրա:
2. Օրենքով նախատեսված դեպքերում իրավաբանական անձի բաժանման կամ նրա կազմից մեկ կամ մի քանի իրավաբանական անձանց առանձնացման ձևով իրավաբանական անձի վերակազմակերպումն իրականացվում է դատարանի վճռով:
Դատարանը նշանակում է իրավաբանական անձի արտաքին կառավարիչ և նրան հանձնարարում է իրականացնել իրավաբանական անձի վերակազմակերպում: Նշանակման պահից իրավաբանական անձի գործերի կառավարման լիազորություններն անցնում են արտաքին կառավարչին: Արտաքին կառավարիչն իրավաբանական անձի անունից հանդես է գալիս դատարանում, կազմում է բաժանիչ հաշվեկշիռ և վերակազմակերպման արդյունքում ստեղծվող իրավաբանական անձանց կանոնադրությունների հետ միասին ներկայացնում է դատարան: Դատարանի կողմից այդ փաստաթղթերը հաստատելը հիմք է նոր ստեղծվող իրավաբանական անձանց պետական գրանցման համար:
3. Իրավաբանական անձը, բացառությամբ միացման ձևով վերակազմակերպման դեպքի, վերակազմակերպված է համարվում նոր ստեղծված իրավաբանական անձանց պետական գրանցման պահից:
4. Իրավաբանական անձն այլ իրավաբանական անձի հետ միացման ձևով վերակազմակերպվելիս նրանք համարվում են վերակազմակերպված` միացած իրավաբանական անձի գործունեությունը դադարելու վերաբերյալ պետական գրանցման պահից:
(63-րդ հոդվածը խմբ. 27.07.01 ՀՕ-205)