Հոդված 966. Գույքի հավատարմագրային կառավարման պայմանագրի դադարելը
Հոդված 966. Գույքի հավատարմագրային կառավարման պայմանագրի դադարելը
1. Բացի պարտավորությունների դադարման ընդհանուր հիմքերից, գույքի հավատարմագրային կառավարման պայմանագիրը դադարում է նաև որպես հետևանք`
1) շահառու քաղաքացու մահվան կամ շահառու իրավաբանական անձի լուծարման, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով.
2) շահառուի կողմից պայմանագրով ստացվող օգուտներից հրաժարվելու, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով.
3) հավատարմագրային կառավարիչ-քաղաքացու մահվան, նրան անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ սնանկ ճանաչելու.
4) հավատարմագրային կառավարչի կամ կառավարման հիմնադրի կողմից հավատարմագրային կառավարումից հրաժարվելու` կապված հավատարմագրային կառավարչի կողմից գույքի հավատարմագրային կառավարումն անձամբ իրականացնելու անհնարինության հետ.
5) պայմանագրից կառավարման հիմնադրի հրաժարվելու` հավատարմագրային կառավարչին պայմանագրով պայմանավորված վարձատրությունը վճարելու պայմանով.
6) կառավարման հիմնադիր-քաղաքացուն սնանկ ճանաչելու:
2. Գույքի հավատարմագրային կառավարման պայմանագրից կողմերից մեկի հրաժարվելու դեպքում մյուս կողմը, պայմանագիրը դադարելուց երեք ամիս առաջ, պետք է ծանուցվի այդ մասին, եթե ծանուցման այլ ժամկետ նախատեսված չէ պայմանագրով:
3. Հավատարմագրային կառավարման պայմանագիրը դադարելու դեպքում հավատարմագրային կառավարման հանձնված գույքը փոխանցվում է կառավարման հիմնադրին, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով: