Հոդված 38. Կենսաթոշակային ֆոնդի ընտրությունը
Հոդված 38. Կենսաթոշակային ֆոնդի ընտրությունը
1. Մասնակիցը պարտադիր կենսաթոշակային ֆոնդ ընտրելու համար պարտավոր է մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացնել կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմում` սույն օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասի երկրորդ պարբերությունում նշված միջոցներով կամ հաշվի օպերատորի միջոցով: Դիմումի ձևը և ներկայացման կարգը սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված դիմումը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները.
1) մասնակցի անունը և ազգանունը, անձնագրի սերիան և համարը, ծննդյան տարեթիվը և ամսաթիվը,
2) հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը,
3) մասնակցի կոնտակտային տվյալները (հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում), բնակության վայրը և այլն),
4) մասնակցի՝ մասնակիցների ռեեստրը վարողից տեղեկատվություն (կենսաթոշակային հաշվի քաղվածք, նամակ, էլեկտրոնային հաղորդագրություն և այլն) ստանալու նախընտրելի միջոցը,
5) ընտրված կենսաթոշակային ֆոնդի կառավարչի անվանումը և կենսաթոշակային ֆոնդը,
6) հավաստում՝ ընտրված կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կառավարման վճարների և ֆոնդի կանոնների հետ համաձայն լինելու մասին,
7) հավաստում, որ տեղյակ է կուտակային վճարներ կատարելու իր պարտականության մասին,
8) դիմումը ներկայացնելու տարին, ամիսը և ամսաթիվը,
9) մասնակցի (մասնակցի լիազոր ներկայացուցչի) ստորագրությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ դիմումը ներկայացվել է էլեկտրոնային եղանակով, որն ապահովում է անձի նույնականացումը:
3. Մասնակիցները պարտավոր են մասնակիցների ռեեստրը վարողի սահմանած կարգով մասնակիցների ռեեստրը վարողին տեղեկացնել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դիմումում նշված անձնական տվյալների փոփոխության մասին:
(38-րդ հոդվածը փոփ., լրաց. 12.11.12 ՀՕ-207-Ն)