Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2013-07-20-ից մինչև 2014-01-07։Բացել գործող տեքստը
Գլուխ 13 · ԿԱՄԱՎՈՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉ

Հոդված 74. Գործատուի կողմից ձեռք բերվող լրացուցիչ (կորպորատիվ) կենսաթոշակները

գործել է մինչև 2014-01-07Բացել ARLIS-ում

Հոդված 74. Գործատուի կողմից ձեռք բերվող լրացուցիչ (կորպորատիվ) կենսաթոշակները

1. Գործատուներն իրենց վարձու աշխատողներին լրացուցիչ (կորպորատիվ) կենսաթոշակներ տրամադրելու նպատակով կարող են կամավոր կենսաթոշակային սխեմաներ ձեռք բերել կամավոր կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներից կամ ապահովագրական ընկերություններից:

2. Գործատուն իր աշխատողներին լրացուցիչ կուտակային կենսաթոշակներ տրամադրելիս չի կարող ցուցաբերել խտրական մոտեցում: Կորպորատիվ (լրացուցիչ) կենսաթոշակներ կարող են առաջարկվել ամբողջ կոլեկտիվին կամ տվյալ գործատուի աշխատողների որոշակի կատեգորիային (այդ թվում` կախված գործատուի մոտ աշխատողի աշխատած տարիների քանակից): Արգելվում է լրացուցիչ կուտակային կենսաթոշակներ տրամադրել բացառապես գործատուի ղեկավար կազմին: Աշխատողների որոշակի կատեգորիայի ներսում բոլոր աշխատողներին պետք է տրամադրվեն հավասար և միօրինակ պայմաններ:

3. Գործատուին արգելվում է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պայմանագիրը կնքել իր հետ փոխկապակցված ապահովագրական ընկերության կամ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի հետ:

4. Գործատուի կողմից տրամադրվող լրացուցիչ կուտակային կենսաթոշակային սխեմայի ձեռքբերումը կարող է սահմանվել նաև կոլեկտիվ աշխատանքային պայմանագրով:

5. Լրացուցիչ (կորպորատիվ) կուտակային կենսաթոշակ ստանալու համար կամավոր կուտակային վճարներ կարող են կատարվել միայն գործատուների կամ գործատուների և աշխատողների կողմից:

6. Արգելվում է աշխատակցին պարտադրել մասնակցել կամ շարունակել մասնակցությունը գործատուի ձեռք բերած կամավոր կենսաթոշակային սխեմային՝ որպես տվյալ գործատուի մոտ աշխատելու պահանջ: Արգելվում է աշխատակցի աշխատավարձից կամ դրան հավասարեցրած այլ վճարումներից կատարել կամավոր կենսաթոշակային սխեմային մասնակցության հետ կապված նվազեցումներ կամ հատկացումներ` առանց աշխատակցի գրավոր համաձայնության:

7. Գործատուի ձեռք բերած կամավոր կենսաթոշակային սխեմայի մասնակիցը, նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը, իրավունք ունի ներկայացնելու իր կուտակած միջոցները (իրեն պատկանող կենսաթոշակային ֆոնդի փայերի (բաժնետոմսերի) հաշվարկային արժեք, վճարված ապահովագրավճարներ, այլ հատուցումներ` նվազեցված ապահովագրության պայմանագրի կնքման և կատարման ծախսերը) միանվագ վճարելու պահանջ միայն սույն օրենքի 65-րդ հոդվածի 8-րդ մասի 1-6-րդ կետերով, ինչպես նաև սույն հոդվածի 8-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված դեպքերում, եթե առաջին կուտակային վճարի կատարման կամ ապահովագրավճարի վճարման օրվանից անցել է առնվազն երկու տարի:

8. Գործատուի ձեռք բերած կամավոր կենսաթոշակային սխեմայի մասնակիցը սույն օրենքի 66-րդ հոդվածի 1.1-ին մասով կամ 68-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված իրավունքը ձեռք է բերում`

1) գործատուի հետ աշխատանքային պայմանագիրը լուծելուց հետո.

2) գործատուի և տվյալ կենսաթոշակային ֆոնդի (նրա կառավարչի) կամ ապահովագրական ընկերության միջև կնքված համապատասխան պայմանագիրը լուծվելուց հետո.

3) գործատուի լուծարվելուց հետո:

(74-րդ հոդվածը փոփ., լրաց. 12.11.12 ՀՕ-207-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։