Հոդված 5.1
Հոդված 5.1.
Ոստիկանության բարձրագույն կոչումներ շնորհելը
1. Ոստիկանության բարձրագույն կոչումները, բացառությամբ ոստիկանության զորքերի հրամանատարի, շնորհում է վարչապետը՝ Լիազոր մարմնի ղեկավարի առաջարկությամբ: Ոստիկանության զորքերի հրամանատարի դեպքում ոստիկանության բարձրագույն կոչում շնորհում է Հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ: Վարչապետը առաջարկություն կարող է ներկայացնել սեփական նախաձեռնությամբ կամ Լիազոր մարմնի ղեկավարի միջնորդության հիման վրա:
2. Վարչապետի առաջարկությունը ներկայացվում է գրավոր և ներառում է կոչման շնորհմանը ներկայացված անձի անունը, ազգանունը, հայրանունը, տեղեկություններ աշխատանքային գործունեության մասին և կոչումը:
3. Վարչապետի առաջարկությանը կցվում է ոստիկանության բարձրագույն կոչում շնորհելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը, իսկ Լիազոր մարմնի ղեկավարի միջնորդության դեպքում՝ նաև միջնորդությունը, որը ներառում է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված տեղեկատվությունը:
3.1. Լիազոր մարմնի ղեկավարի միջնորդությունը ներկայացվում է սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված պահանջներին համապատասխան։
4. Հանրապետության նախագահը վարչապետի առաջարկությունն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ստորագրում է առաջարկությանը կցված հրամանագրի նախագիծը կամ այն առարկություններով վերադարձնում է վարչապետին:
5. Եթե վարչապետը հնգօրյա ժամկետում չի ընդունում Հանրապետության նախագահի առարկությունը, ապա Հանրապետության նախագահը հնգօրյա ժամկետի ավարտից հետո՝ եռօրյա ժամկետում, ստորագրում է հրամանագիրը կամ դիմում է Սահմանադրական դատարան:
6. Եթե Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում վարչապետի կողմից Հանրապետության նախագահին ներկայացված առաջարկությունը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին, ապա Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում ստորագրում է հրամանագիրը:
7. Եթե Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում վարչապետի կողմից Հանրապետության նախագահին ներկայացված առաջարկությունը Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին, ապա վարչապետը հնգօրյա ժամկետում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով ներկայացնում է նոր առաջարկություն:
8. Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի 4-6-րդ մասերով սահմանված պահանջները, ապա համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի՝ տվյալ անձին ոստիկանության բարձրագույն կոչումը շնորհված է համարվում իրավունքի ուժով՝ սույն հոդվածի 4-6-րդ մասերով սահմանված եռօրյա ժամկետի ավարտին հաջորդող օրվանից, որի մասին վարչապետը գրավոր հայտարարություն է տարածում: Գրավոր հայտարարությունն ստորագրվում է վարչապետի կողմից և հրապարակվում Կառավարության պաշտոնական կայքէջում:
9. Վարչապետի կողմից ոստիկանության բարձրագույն կոչում շնորհվելու դեպքում Լիազոր մարմնի ղեկավարի առաջարկությունը պետք է պարունակի սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տվյալները:
(5.1-ին հոդվածը լրաց. 23.03.18 ՀՕ-273-Ն, փոփ., խմբ., լրաց. 16.12.22 ՀՕ-461-Ն)
(16.12.22 ՀՕ-461-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)