Հոդված 20
Հոդված 20.
Սույն հոդվածով սահմանված հիմքերի առկայության դեպքում խորհուրդը դատավորին ենթարկում է կարգապահական պատասխանատվության:
Վճռաբեկ դատարանի դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավունքը պատկանում է վճռաբեկ դատարանի նախագահին:
Վերաքննիչ, տնտեսական և առաջին ատյանի դատարանների դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավունքը պատկանում է արդարադատության նախարարին:
Մինչև դատական նոր համակարգի կազմավորումը գերագույն դատարանի դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցում է գերագույն դատարանի նախագահը, շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանների դատավորների նկատմամբ` արդարադատության նախարարը:
Դատավորի կարգապահական պատասխանատվության հիմքերն են`
1) օրինականության խախտում թույլ տալը.
2) անփութության հետևանքով դատական աշխատանքում թերություններ ունենալը.
3) աշխատանքային կարգապահությունը խախտելը.
4) դատավորին անվայել արարք թույլ տալը:
Արդարադատության խորհուրդը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելիս կարող է հայտարարել դիտողություն, նկատողություն, խիստ նկատողություն:
Եթե խորհուրդը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննելիս նպատակահարմար չի գտնում նրա նկատմամբ կիրառել կարգապահական տույժի միջոց, ապա կարող է կարճել հարուցված կարգապահական վարույթը և բավարարվել հարցի քննարկմամբ:
Դատավորին պատասխանատվության ենթարկելու հարցերը քննելիս խորհրդի նիստերը վարում է վճռաբեկ դատարանի (մինչև դատական նոր համակարգի կազմավորումը` գերագույն դատարանի) նախագահը: Հանրապետության Նախագահը, արդարադատության նախարարը և գլխավոր դատախազը այդ նիստերին չեն մասնակցում:
Դատավորի կարգապահական պատասխանատվության հարցը քննելիս արդարադատության խորհուրդը հրավիրում և լսում է դատավորին:
Խորհրդի երկրորդ կանչին անհարգելի պատճառով դատավորի չներկայանալու դեպքում խորհուրդն իրավունք ունի հարցը քննել նրա բացակայությամբ:
(20-րդ հոդվածը լրաց. 11.09.01 ՀՕ-220)