Հոդված 2
Հոդված 2.
Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) հավատարմագրում` Հավատարմագրման ազգային մարմնի կողմից հավաստում, որ ՀԳՄ-ն համապատասխանում է ներդաշնակեցված ստանդարտներով սահմանված պահանջներին և կիրառելիության դեպքում համապատասխան ոլորտային սխեմաներով սահմանված լրացուցիչ պահանջներին` համապատասխանության գնահատման որոշակի գործունեություն իրականացնելու համար.
2) Հավատարմագրման ազգային մարմին` Հայաստանի Հանրապետության կառավարության ստեղծած միակ մարմինը, որը սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով ունի ՀԳՄ-ների հավատարմագրում իրականացնելու լիազորություն.
3) հավատարմագրման վկայագիր` պաշտոնական փաստաթուղթ կամ փաստաթղթերի փաթեթ, որը հավաստում է հավատարմագրումը որոշակի ոլորտում.
4) հավատարմագրման ոլորտ` համապատասխանության գնահատման կոնկրետ գործունեություն, որի համար հավատարմագրման հարցում է արվել, կամ արդեն իրականացվել է հավատարմագրումը.
5) հավատարմագրման նշան` Հավատարմագրման ազգային մարմնի կողմից ՀԳՄ-ին տրված նշան` հավատարմագրված լինելը ցուցադրելու նպատակով օգտագործելու համար.
6) բողոքարկում` ՀԳՄ-ի կողմից բողոքարկման հանձնաժողով գրավոր դիմում ներկայացնելու գործընթաց՝ իր հավատարմագրման կարգավիճակի (կասեցման, դադարեցման, մերժման, կրճատման) վերաբերյալ Հավատարմագրման ազգային մարմնի կայացրած բացասական որոշման վերանայման մասին.
7) համապատասխանության գնահատում` գործընթաց, որով հավաստվում է արտադրանքի, ծառայության, գործընթացի, համակարգի, անձի կամ մարմնի նկատմամբ ներկայացվող պահանջների իրականացումը.
7.1) վկայագրում՝ պետական գրանցում և համապատասխանության հայտարարագրի գրանցում իրականացնող իրավաբանական անձանց կարողությունների, համակարգերի և գործընթացների հավաստում.
8) համապատասխանության գնահատման գործունեություն` ՀԳՄ-ի կողմից համապատասխանության գնահատման գործընթացի ժամանակ իրականացվող գործունեություն.
9) ՀԳՄ` համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնող մարմին, որը կարող է լինել հավատարմագրման օբյեկտ.
10) հավատարմագրման ընդլայնում` հավատարմագրման ոլորտին համապատասխանության գնահատման գործունեության ավելացում.
11) հավասարության սկզբունքներով փոխադարձ գնահատում` միջազգային և տարածաշրջանային փոխճանաչման համաձայնագրերի կողմ կամ հավակնորդ հանդիսացող օտարերկրյա հավատարմագրման ազգային մարմինների կողմից Հավատարմագրման ազգային մարմնի գնահատում` սահմանված պահանջներին և կիրառելիության դեպքում լրացուցիչ ոլորտային տեխնիկական մասնագրերին համապատասխան.
12) շահագրգիռ կողմեր` հավատարմագրմամբ ուղղակի կամ անուղղակի շահագրգիռ կողմեր: Ուղղակի շահագրգիռ են համարվում նրանք, ովքեր հավատարմագրվում են, անուղղակի շահագրգիռ` նրանք, ովքեր օգտվում են հավատարմագրված համապատասխանության գնահատման ծառայություններից կամ հիմնվում են դրանց վրա.
13) հավատարմագրման կրճատում` հավատարմագրման ոլորտի որոշակի մասի դադարեցում.
14) հավատարմագրման կասեցում` հավատարմագրման ոլորտի լրիվ կամ մասնակի ժամանակավոր սահմանափակում.
15) հավատարմագրման դադարեցում` հավատարմագրման ամբողջ ոլորտի դադարեցում.
16) փորձարկում` ընթացակարգի համաձայն՝ համապատասխանության գնահատման ենթակա օբյեկտի մեկ կամ մի քանի բնութագրերի որոշում.
17) չափման միջոցի տրամաչափարկում (կալիբրավորում)՝ գործողություն, որը տրված պայմաններում առաջին փուլում սահմանում է կապը մեծության արժեքների ու համապատասխան ցուցմունքների՝ վերաբերելի (համապատասխան) չափումների անորոշություններով, և չափանմուշներից ստացված չափման անորոշությունների միջև, իսկ երկրորդ փուլում այդ տեղեկությունն օգտագործվում է ցուցմունքից չափման արդյունք ստանալու կապը սահմանելու համար.
18) հսկողություն` համապատասխանության գնահատման օբյեկտի ուսումնասիրություն և դրա համապատասխանության որոշում սահմանված պահանջներին կամ մասնագիտական դատողության հիման վրա՝ ընդհանուր պահանջներին.
19) սերտիֆիկացում` համապատասխանության գնահատման օբյեկտի հավաստում երրորդ կողմի միջոցով, բացառությամբ հավատարմագրման.
20) հավատարմագրման փորձագետ (գնահատող)` հավատարմագրման փորձագետների (գնահատողների) ռեեստրում գրանցված ֆիզիկական անձ, որին Հավատարմագրման ազգային մարմինը նշանակել է ՀԳՄ-ի կառավարման համակարգի գնահատում իրականացնելու, գնահատման գործընթացը ղեկավարելու համար.
20.1) տեխնիկական գնահատող՝ հավատարմագրման փորձագետների (գնահատողների) ռեեստրում գրանցված հավատարմագրման որոշակի բնագավառում հատուկ գիտելիքներ ունեցող ֆիզիկական անձ, որը Հավատարմագրման ազգային մարմնի կողմից նշանակվել է ինքնուրույն կամ որպես գնահատման խմբի անդամ՝ համապատասխանության գնահատման մարմնի գնահատում իրականացնելու համար.
21) տեխնիկական փորձագետ` տեխնիկական փորձագետների ռեեստրում գրանցված և հավատարմագրման մարմնի նշանակած անձ, որն աշխատում է գնահատողի պատասխանատվության ներքո և գնահատման ենթակա հավատարմագրման ոլորտում ունի համապատասխան մասնագիտական գիտելիքներ կամ մասնագիտական փորձ և ինքնուրույն չի իրականացնում գնահատում.
22) գնահատում՝ Հավատարմագրման ազգային մարմնի կողմից ստանդարտի (ստանդարտների), նորմատիվ իրավական ակտերի հիման վրա ՀԳՄ-ի իրազեկությունը հավատարմագրման ոլորտում հավաստելու գործընթաց (ներառյալ՝ ՀԳՄ-ի գործունեությանը հետևումը).
23) պարբերական գնահատում` Հավատարմագրման ազգային մարմնի կողմից հավատարմագրված ՀԳՄ-ի համապատասխանության գնահատման գործունեության պարբերաբար հետևում.
24) արտահերթ գնահատում` գործընթաց, որն իրականացվում է Հավատարմագրման ազգային մարմնի հավատարմագրած ՀԳՄ-ի գործունեության վերաբերյալ ստացված բողոքների կամ ՀԳՄ-ի հավատարմագրման պայմանների փոփոխությունների կամ այլ դեպքերում, որը կարող է ազդել ՀԳՄ-ի՝ հավատարմագրման պահանջները կատարելու ունակության կամ իրազեկության վրա.
25) բողոք` որևէ անձի կամ կազմակերպության կողմից դժգոհության գրավոր արտահայտում` հասցեագրված Հավատարմագրման ազգային մարմնին, որը վերաբերում է Հավատարմագրման ազգային մարմնի կամ հավատարմագրված ՀԳՄ-ի գործունեությանը, և որի համար ակնկալվում է պատասխան.
26) գործունեության հետևում` Հավատարմագրման ազգային մարմնի կողմից հավատարմագրման ոլորտի շրջանակում ՀԳՄ-ի համապատասխանության գնահատման գործունեության հետևում.
27) համապատասխանության սերտիֆիկատ` համապատասխանության գնահատման մարմնի կողմից տրված փաստաթուղթ, որը հավաստում է արտադրանքի, գործընթացի, ծառայության համապատասխանությունը սահմանված պահանջներին.
28) իրազեկություն` նախատեսված արդյունքին հասնելու համար գիտելիքները և հմտությունները կիրառելու համապատասխան ունակություն.
29) Հավատարմագրման ազգային մարմնի պատկերանիշ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված պատկերանիշ, որը կիրառում է Հավատարմագրման ազգային մարմինը իրեն նույնականացնելու համար.
30) հավատարմագրման ոլորտի արդիականացում` ՀԳՄ-ի պահանջով Հավատարմագրման ազգային մարմնի կողմից հավատարմագրման փաստաթղթերում փոփոխությունների կատարման գործընթաց, որն իրականացվում է հավատարմագրման ոլորտում վկայակոչված իրավական ակտի, ստանդարտացման, համապատասխանության գնահատման փաստաթղթերի փոփոխության, նոր իրավական ակտը, ստանդարտացման, համապատասխանության գնահատման փաստաթղթերը գործողության մեջ մտնելու (եթե նշված փաստաթղթերի ներառումը չի ենթադրում հավատարմագրման ոլորտի ընդլայնման գործընթաց), հավատարմագրման ոլորտի և կից փաստաթղթերի ձևաչափերի փոփոխության կամ ուղղումների դեպքերում:
31) համապատասխանության գնահատման սխեմա՝ կանոններ և ընթացակարգեր, որոնք նկարագրում են համապատասխանության գնահատման օբյեկտները, սահմանում են նշված պահանջները և տրամադրում են մեթոդաբանություն՝ համապատասխանության գնահատում իրականացնելու համար:
(2-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 17.12.14 ՀՕ-236-Ն, խմբ. 24.05.23 ՀՕ-178-Ն, փոփ., լրաց., խմբ. 03.07.26 ՀՕ-342-Ն)
(24.05.23 ՀՕ-178-Ն օրենքն ունի անցումային դրույթ)