Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՆԵՐՔԻՆ ԱԶԴԱՐԱՐՈՒՄԸ ԵՎ ՆԵՐՔԻՆ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 6. Ներքին ազդարարումը և ներքին ազդարարման վարույթը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6. Ներքին ազդարարումը և ներքին ազդարարման վարույթը

1. Ներքին ազդարարումն սկսվում է ազդարարի կողմից իր անմիջական ղեկավարի վերադասին կամ նրա նկատմամբ վերահսկողություն իրականացնող այլ անձի կամ իրավասու մարմնի ղեկավարի լիազորած անձին ազդարարելով։

2. Ազդարարի անմիջական ղեկավարի վերադասը կամ նրա նկատմամբ վերահսկողություն իրականացնող այլ անձը ազդարարումն ստանալուց հետո պարտավոր է այն անհապաղ փոխանցել իրավասու մարմնի ղեկավարին կամ նրա լիազորած անձին:

3. Իրավասու մարմնի ղեկավարը կամ նրա լիազորած անձը՝

1) ապահովում է ազդարարման անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում հաշվառումը.

2) իր իրավասության շրջանակներում հիմքերի առկայության դեպքում ազդարարման հաշվառման պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է վարույթի հարուցումը՝ վարույթի ընթացքում ողջամիտ պարբերականությամբ տեղեկացնելով դրա ընթացքի մասին.

3) ապահովում է հարուցված վարույթի գաղտնիությունը.

4) իր իրավասությունների շրջանակներում միջոցներ է ձեռնարկում ստացված տեղեկությունների իսկությունն ստուգելու նպատակով.

5) իր իրավասության շրջանակներում ստացված տեղեկությունների իսկությունն ստուգելիս հանցագործության առերևույթ հատկանիշներ հայտնաբերելու դեպքում անհապաղ այդ մասին հայտնում է Հայաստանի Հանրապետության դատախազություն.

6) իր իրավասության շրջանակներում միջոցներ է ձեռնարկում ազդարարներին վնասակար գործողություններից պաշտպանելու, ինչպես նաև վնասակար գործողությունների և դրանց հետևանքների վերացման նպատակով.

7) ապահովում է ազդարարի անձնական տվյալների չբացահայտումը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.

8) ազդարարի պահանջով ապահովում է վարույթի ընթացքի և ձեռնարկված միջոցների մասին տեղեկությունների տրամադրումը.

9) հնարավորություն է տալիս ազդարարին ներկայացնելու պարզաբանումներ, փաստաթղթեր և դիմումներ:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պարտականությունների չկատարումն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

5. Ներքին ազդարարման նկատմամբ ընդհանուր վերահսկողությունն իրականացնում է իրավասու մարմնի ղեկավարը կամ նրա լիազորած անձը:

6. Ներքին ազդարարման հիման վրա հարուցված վարույթի առավելագույն ժամկետը 30 օր է: Հարուցված վարույթի արդյունքում ընդունվում է համապատասխան ակտ, որի մասին ակտի ընդունման պահից եռօրյա ժամկետում ազդարարը ծանուցվում է:

7. Եթե վարույթի ընթացքում պարզվում է, որ ազդարարը սույն օրենքով նախատեսված կարգով ազդարարում ներկայացնելիս գործել է անբարեխղճորեն, ապա իրավասու մարմնի ղեկավարը կամ նրա լիազորած անձը դադարեցնում է ազդարարին պաշտպանության տրամադրումը, որի մասին որոշման կայացման պահից եռօրյա ժամկետում ծանուցում է ազդարարին:

8. Եթե ազդարարի ոչ բարեխիղճ գործողությունը պարունակում է հանցագործության հատկանիշներ, ապա ազդարարումն ստացած անձը պարտավոր է անհապաղ այդ մասին հայտնել Հայաստանի Հանրապետության դատախազություն:

(6-րդ հոդվածը լրաց. 07.12.22 ՀՕ-495-Ն, խմբ., փոփ., լրաց. 03.07.26 ՀՕ-346-Ն)

(07.12.22 ՀՕ-495-Ն օրենքն ունի անցումային դրույթ և եզրափակիչ մաս)

(03.07.26 ՀՕ-346-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։