Հոդված 318. Դիմումի քննությունը
Հոդված 318. Դիմումի քննությունը
1. Արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը քննվում և դրա վերաբերյալ որոշում է կայացվում դիմումը վարույթ ընդունելու օրվանից մեկ ամսվա ընթացքում՝ առանց դատական նիստ հրավիրելու:
2. Դատարանը կարող է հրավիրել դատական նիստ, եթե դա թելադրված է գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների և գործում առկա ապացույցների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու անհրաժեշտությամբ: Այդ դեպքում արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը քննվում և դրա վերաբերյալ որոշում է կայացվում դիմումը վարույթ ընդունելու օրվանից երկու ամսվա ընթացքում:
3. Գործի քննության արդյունքով կայացվող եզրափակիչ դատական ակտի հրապարակման ժամանակը և վայրը նշվում են դիմումը վարույթ ընդունելու մասին որոշման մեջ:
4. Դատարանը կարող է արբիտրաժից պահանջել այն գործով նյութերը, որով կայացված վճիռը վիճարկվում է դատարանում:
5. Դատարանը գործի քննության ժամանակ իր նախաձեռնությամբ պարզում է արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու՝ «Առևտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պարտադիր հիմքերի առկայությունը կամ բացակայությունը։
6. Դատարանը կարող է գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ ողջամիտ ժամկետով հետաձգել որոշման կայացումը, եթե գտնում է, որ արբիտրաժային վարույթը վերսկսելու միջոցով կարող է վերացվել արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու հիմքը: Որոշման կայացումը հետաձգելու մասին որոշումը ոչ ուշ, քան հաջորդ օրն ուղարկվում է արբիտրաժին և արբիտրաժային վարույթի կողմերին:
7. Դատարանի կողմից հետաձգման որոշում կայացվելու դեպքում հետաձգման ժամկետը չի հաշվարկվում սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված ժամկետում: