Հոդված 95. Դատական ծանուցագիրը պատվիրված նամակով ուղարկելը
Հոդված 95. Դատական ծանուցագիրը պատվիրված նամակով ուղարկելը
1. Դատական ծանուցագիրն ուղարկվում է դատավարության մասնակցի նշած հասցեով (ծանուցման հասցե):
2. Ֆիզիկական անձի դեպքում դատական ծանուցագիրը պետք է հանձնվի անձամբ հասցեատիրոջը կամ հասցեատիրոջ ծանուցման (հաշվառման) հասցեում նրա հետ համատեղ բնակվող կամ այդ հասցեում աշխատող չափահաս անձին, բացառությամբ այն դեպքերի, երբ նշված անձը գործի քննությանը մասնակցում է որպես հակադիր շահեր ունեցող կողմ:
3. Եթե գործի նյութերից հետևում է, որ դատավարության մասնակիցը կալանավայրում է, ազատազրկման վայրում, զորամասում, կարգապահական գումարտակում կամ բուժական հիմնարկում ստանում է ստացիոնար բուժում, ապա դատական ծանուցագիրը պետք է ուղարկվի այդ հաստատությունների հասցեներով: Այդ հաստատությունների վարչակազմերը դատական ծանուցագիրն ստանալուց անմիջապես հետո պարտավոր են այն հանձնել հասցեատիրոջը` վերջինիս կողմից ստացման վերաբերյալ ապացույցն ուղարկելով գործը քննող դատարան:
4. Իրավաբանական անձանց դեպքում դատական ծանուցագիրը պետք է հանձնվի իրավաբանական անձի ծանուցման հասցեում՝ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարին կամ գրագրության ընդունման համար պատասխանատու անձին կամ այն անձին, որի նամակագրություն ընդունելու լիազորությունն ակնհայտորեն բխում է այն իրավիճակից, որում գործում է տվյալ անձը (անվտանգության աշխատակից, ընդհանուր բաժնի կամ իրավաբանական ծառայության աշխատակից և այլն):
5. Եթե դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ ծանուցագիրը, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է՝
1) ֆիզիկական անձի դեպքում` այդ անձի հաշվառման, աշխատանքի վայրի հայտնի հասցեով և անձի վերջին հայտնի բնակության վայրի համապատասխան համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարին, իսկ գործի նյութերում ֆիզիկական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նաև այդ հասցեներով.
2) իրավաբանական անձի դեպքում՝ այդ անձի մշտապես գործող մարմնի գտնվելու վայրի հասցեով, իսկ գործի նյութերում իրավաբանական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նաև այդ հասցեներով:
6. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Սույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո 15-րդ օրն անձը համարվում է ծանուցված:
7. Հետադարձ ծանուցումը պետք է տեղեկություններ պարունակի այն անձի վերաբերյալ, որին ծանուցագիրը հանձնվել է:
8. Այլ պետության տարածքում բնակվող անձին ծանուցագիրն ուղարկվում է ուղղակի ծանուցման միջոցով, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
(95-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված՝ «(...) կամ հասցեատիրոջ ծանուցման (հաշվառման) հասցեում նրա հետ համատեղ բնակվող կամ այդ հասցեում աշխատող չափահաս անձին» դրույթը, ճանաչվել է Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածների 1-ին մասերին, 75-րդ հոդվածին հակասող 02.02.21 ՍԴՈ-1574 որոշմամբ:
Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթի ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանվել 2021 թվականի հունիսի 1-ը՝ հնարավորություն տալով Ազգային ժողովին Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումները համապատասխանեցնելու 02.02.21 ՍԴՈ-1574 պահանջներին:)