Հոդված 126. Հայցադիմումի ընդունումը մերժելը
Հոդված 126. Հայցադիմումի ընդունումը մերժելը
1. Առաջին ատյանի դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե`
1) գործը ենթակա չէ քննության քաղաքացիական դատավարության կարգով.
2) նույն անձանց միջև նույն առարկայի մասին և միևնույն փաստական հիմքերով գործի վերաբերյալ առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտ, բացառությամբ հայցը (դիմումը) առանց քննության թողնելու մասին որոշման.
3) նույն անձանց միջև նույն առարկայի մասին և միևնույն փաստական հիմքերով գործի վերաբերյալ առկա է արբիտրաժի վճիռ, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշում կամ նոտարի կողմից արձակված վճարման կարգադրություն, բացառությամբ դատարանի կողմից արբիտրաժի վճռի կամ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալը կամ նոտարի կողմից վճարման կարգադրություն արձակելը մերժելու դեպքի.
4) նույն անձանց միջև նույն առարկայի մասին և միևնույն փաստական հիմքերով գործի վերաբերյալ առկա է հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշում.
5) հայցը ներկայացվել է սույն օրենսգրքի 140-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների խախտմամբ:
2. Առաջին ատյանի դատարանը հայցադիմումի ընդունումը մերժելու մասին կայացնում է որոշում՝ այն հայցադիմումի և դրան կից փաստաթղթերի հետ ուղարկելով հայցվորին: Դատարանի որոշումն ուղարկվում է նաև հայցադիմումում նշված այլ անձանց միջնորդության հիման վրա, բացառությամբ այն դեպքի, երբ ներկայացվել է հայցի ապահովում կամ ապացույցի ապահովում կիրառելու մասին միջնորդություն:
3. Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշման մեջ նշվում են հայցադիմումի ընդունումը մերժելու բոլոր հիմքերը:
4. Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով սահմանված կարգով:
5. Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշումը վերացվելու դեպքում առաջին ատյանի դատարանը հայցադիմումն ընդունում է վարույթ, եթե բացակայում են սույն օրենսգրքով նախատեսված հայցադիմումը վերադարձնելու հիմքերը: Այս դեպքում հայցադիմումը համարվում է առաջին ատյանի դատարան ներկայացված այն սկզբնապես ներկայացնելու օրը:
(126-րդ հոդվածը խմբ. 23.12.22 ՀՕ-576-Ն)
(23.12.22 ՀՕ-576-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)