Հոդված 376. Վերաքննիչ բողոքի քննությունը գրավոր ընթացակարգով
Հոդված 376. Վերաքննիչ բողոքի քննությունը գրավոր ընթացակարգով
1. Վերաքննիչ բողոքի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու:
2. Վերաքննիչ բողոքը գրավոր ընթացակարգով քննելու վերաբերյալ որոշում կայացվելու դեպքում գործին մասնակցող անձինք տեղեկացվում են միայն բողոքի քննության արդյունքով կայացվելիք դատական ակտի հրապարակման օրվա մասին:
3. Գրավոր ընթացակարգով վերաքննիչ բողոքի քննության ընթացքում զեկուցող դատավորը կազմում է վերաքննիչ դատարանի որոշման նախագիծը, որը գործի նյութերի հետ տրամադրվում է վերաքննիչ դատարանի կազմի մյուս դատավորներին:
4. Դատական կազմում ընդգրկված դատավորները կարող են որոշման նախագծի վերաբերյալ ներկայացնել դիտողություններ և առաջարկություններ, որոնց հիման վրա զեկուցող դատավորը լրամշակում է որոշման նախագիծը:
5. Վերաքննիչ դատարանի որոշման նախագծի վերաբերյալ դատական կազմում ընդգրկված դատավորների կողմից դիտողություններ և առաջարկություններ չներկայացվելու կամ դրանց հիման վրա նախագիծը լրամշակելուց հետո կամ ներկայացված դիտողությունները և առաջարկությունները չընդունելու դեպքում զեկուցողն այն ներկայացնում է քվեարկության:
6. Եթե քվեարկության արդյունքով զեկուցողի ներկայացրած նախագիծը չի ընդունվում, ապա տվյալ գործով որոշման նոր նախագիծը կազմում է դեմ քվեարկած դատավորների կազմից և նրանց կողմից որոշված դատավորը:
⚖Հոդված 377. Բողոքի քննության ժամկետը վերաքննիչ դատարանում
1. Վերաքննիչ դատարանը եզրափակիչ դատական ակտի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը քննում և որոշում է կայացնում ողջամիտ ժամկետում, բայց ոչ ուշ, քան վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:
2. Վերաքննիչ դատարանն առաջին ատյանի դատարանի միջանկյալ դատական ակտերի կամ վճարման կարգադրության դեմ ներկայացված վերաքննիչ բողոքները քննում և որոշում է կայացնում վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում, իսկ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ պարտատերերի պահանջների հաստատման կապակցությամբ կայացված որոշումների դեմ բերված բողոքները՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում։
(377-րդ հոդվածը փոփ. 23.12.22 ՀՕ-576-Ն)
(23.12.22 ՀՕ-576-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)