Հոդված 361. Բողոքարկման ենթակա որոշումները
Հոդված 361. Բողոքարկման ենթակա որոշումները
1. Վերաքննության կարգով բողոքարկման են ենթակա առաջին ատյանի դատարանի հետևյալ որոշումները`
1) հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշումը.
2) հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը.
3) հայցի ապահովման միջոց կիրառելու, հակընդդեմ ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունները մերժելու, հայցի ապահովումը վերացնելու մասին որոշումները.
4) լրացուցիչ վճիռ կայացնելը մերժելու մասին որոշումը, վճռի վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալներն ուղղելու կամ ուղղում կատարելը մերժելու մասին որոշումները.
5) գործի վարույթը կասեցնելու, գործի վարույթը վերսկսելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշումները.
6) հայցը (դիմումը) առանց քննության թողնելու մասին որոշումը.
7) գործի վարույթը կարճելու մասին որոշումը.
8) դատական տուգանք կիրառելու մասին որոշումը.
9) օտարերկրյա արբիտրաժային վճռի ճանաչման և հարկադիր կատարման վերաբերյալ դիմումի քննության արդյունքով կայացված որոշումը.
10) ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումի քննության արդյունքով կայացված որոշումը.
11) ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումի քննության արդյունքով կայացված որոշումը.
12) օտարերկրյա դատական ակտը ճանաչելու և կատարման թույլատրելու վերաբերյալ դիմումի քննության արդյունքով կայացված որոշումը.
13) կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդության քննության արդյունքով կայացված որոշումը.
14) դատական ակտի կատարման շրջադարձ կատարելու վերաբերյալ դիմումի քննության արդյունքով կայացված որոշումը.
15) այլ որոշումներ` օրենքով սահմանված դեպքերում:
2. Դատարանի` սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ և 8-րդ կետերով սահմանված որոշումների դեմ բողոք ներկայացնելը չի խոչընդոտում դատարանում գործի քննության ընթացքին:
⚖Հոդված 362. Վերաքննիչ բողոք բերելու ժամկետը
1. Վճռի, ինչպես նաև գործի վարույթը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել այն հրապարակվելու օրվանից մեկամսյա ժամկետում։
2. Հեռակա և արագացված դատաքննության կիրառմամբ, ինչպես նաև պարզեցված վարույթի կարգով կայացված գործի վարույթը կարճելու մասին որոշման կամ վճռի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել այն հրապարակելու օրվանից տասնհինգօրյա ժամկետում։
3. Վճարման կարգադրության դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մեկ ամսվա ընթացքում՝ սկսած այն օրվանից, երբ բողոք բերող անձն իմացել է կամ կարող էր իմանալ արձակված վճարման կարգադրության մասին:
4. Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում այն ստանալուց հետո՝ յոթնօրյա ժամկետում, սույն օրենսգրքի 181-րդ հոդվածով և 302-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում՝ հրապարակման օրվանից յոթնօրյա ժամկետում:
5. Գործին մասնակից չդարձած այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է դատական ակտ, իրավունք ունեն վերաքննիչ բողոք բերելու այն օրվանից սկսած երեք ամսվա ընթացքում, երբ իմացել են կամ կարող էին իմանալ նման դատական ակտի կայացման մասին, բացառությամբ այն դեպքերի, երբ գործին մասնակից չդարձած անձը դատարանի կողմից ծանուցվել է քննվող գործի վերաբերյալ, սակայն չի դիմել գործի քննությանը ներգրավվելու համար:
6. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք կարող է բերվել սույն օրենսգրքի 420-րդ հոդվածով սահմանված ժամկետներում:
7. Վերաքննիչ բողոք չի կարող բերվել, երբ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է 20 տարի: Նշված ժամկետը ենթակա չէ վերականգնման։
(362-րդ հոդվածը խմբ. 23.12.22 ՀՕ-576-Ն)
(23.12.22 ՀՕ-576-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)