Հոդված 183. Գործի վարույթը կարճելու կարգը և հետևանքները
Հոդված 183. Գործի վարույթը կարճելու կարգը և հետևանքները
1. Գործի վարույթը կարճելու մասին դատարանը կայացնում է որոշում, բացառությամբ սույն օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով և սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:
2. Գործի վարույթի մի մասը կարճելու հիմքերի առկայության դեպքում առաջին ատյանի դատարանը կարող է այդ մասով առանձնացնել գործի վարույթը և առանձնացված մասով կայացնել գործի վարույթը կարճելու մասին որոշում կամ այդ հարցը լուծել վճռով:
3. Գործի վարույթը կարճելու մասին դատական ակտով լուծվում են նաև դատավարության մասնակիցների միջև դատական ծախսերի բաշխման և հայցի ապահովման միջոցների վերացման հարցերը։
4. Գործի վարույթը կարճելու մասին որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, եթե դրա դեմ վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք չի բերվել:
5. Գործի վարույթը կարճելու մասին որոշումը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել:
6. Գործին մասնակցող անձինք գործի վարույթը կարճելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը կարող են բողոքարկել սույն օրենսգրքով սահմանված կարգով:
7. Գործի վարույթը կարճելու մասին որոշումը վերացվելու դեպքում գործի վարույթը սկսվում է նորից, և գործի քննությունը հանձնվում է միևնույն դատարանի մեկ այլ դատավորի կամ դատարանի կազմի:
8. Գործի վարույթի կարճման դեպքում նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ չի թույլատրվում կրկին դիմել դատարան, բացառությամբ այն դեպքի, երբ սույն օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքով գործի վարույթը կարճելուց հետո դատարանը մերժել է արբիտրաժի վճռի կամ ֆինանսական համակարգի հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշման հարկադիր կատարման համար հարկադիր կատարման դիմում ներկայացնելը:
9. Եթե հայցվորը դատական նիստից դուրս ներկայացնում է պահանջներից հրաժարվելու մասին գրավոր միջնորդություն, ապա առաջին ատյանի դատարանը միջնորդությունն ստանալու պահից տասնօրյա ժամկետում հրավիրում է դատական նիստ` պահանջներից հրաժարվելու մասին միջնորդությունը և դատական ծախսերի բաշխման հարցերը քննելու նպատակով: Եթե հայցվորը նիստի ժամանակ պնդում է պահանջներից հրաժարվելու իր միջնորդությունը կամ պատշաճ տեղեկացված լինելու պայմաններում չի ներկայանում դատական նիստին, ապա առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում գործի վարույթը կարճելու մասին:
10. Սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգը չի կիրառվում այն դեպքերում, երբ պահանջներից հրաժարվելու միջնորդությունը ներկայացնում է իրավաբանական անձը, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ որպես ներկայացուցիչ փաստաբան ունեցող ֆիզիկական անձը:
(183-րդ հոդվածը փոփ., լրաց. 07.02.24 ՀՕ-82-Ն, փոփ. 11.04.24 ՀՕ-193-Ն)
(11.04.24 ՀՕ-193-Ն օրենքն ունի անցումային դրույթ)