Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-01-01-ից մինչև 2026-01-01։Բացել գործող տեքստը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 3 · ԳՈՐԾԵՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԸՆԴԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 26. Ընդդատության և ենթակայության մասին վեճերը

գործել է մինչև 2026-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 26. Ընդդատության և ենթակայության մասին վեճերը

1. Գործն ըստ տարածքային ընդդատության կամ սնանկության դատարանից ըստ ենթակայության ստացած դատարանը յոթնօրյա ժամկետում որոշում է կայացնում այն վարույթ ընդունելու կամ գործը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատ ուղարկելու մասին, եթե համաձայն չէ գործի տարածքային ընդդատությանը կամ ենթակայությանը:

2. Դատարանը յոթնօրյա ժամկետում որոշում է կայացնում վարչական դատարանից վերահասցեագրված հայցադիմումը վարույթ ընդունելու կամ գործը Վճռաբեկ դատարան ուղարկելու մասին, եթե համաձայն չէ գործի ենթակայությանը:

3. Հակակոռուպցիոն դատարանը յոթնօրյա ժամկետում որոշում է կայացնում դատարանից ըստ ենթակայության ստացած գործը վարույթ ընդունելու կամ այն Վճռաբեկ դատարան ուղարկելու մասին, եթե համաձայն չէ գործի ենթակայությանը: Դատարանը յոթնօրյա ժամկետում որոշում է կայացնում հակակոռուպցիոն դատարանից ըստ ենթակայության ստացած գործը վարույթ ընդունելու կամ այն Վճռաբեկ դատարան ուղարկելու մասին, եթե համաձայն չէ գործի ենթակայությանը:

4. Սույն հոդվածի 1-3-րդ մասերով նախատեսված դեպքերում դատավորը ենթակայության հարցի որոշման համար գործը Վճռաբեկ դատարան ուղարկելու մասին կայացված որոշումը ուղարկում է գործին մասնակցող անձանց, որոնք այն ստանալու պահից եռօրյա ժամկետում կարող են գործի ենթակայության վերաբերյալ դիրքորոշում ներկայացնել Վճռաբեկ դատարան:

5. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը գործը Վճռաբեկ դատարանում ստանալու պահից հնգօրյա ժամկետում որոշում է գործի ընդդատությունը կամ ենթակայությունը:

6. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված դեպքերում Վճռաբեկ դատարանի նախագահը և Վճռաբեկ դատարանի բոլոր պալատների նախագահները գործը Վճռաբեկ դատարանում ստանալու պահից տասնօրյա ժամկետում որոշում են գործի ենթակայությունը:

7. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված որոշումն ընդունելու համար Վճռաբեկ դատարանի նախագահը հրավիրում է նիստ՝ իր և Վճռաբեկ դատարանի բոլոր պալատների նախագահների մասնակցությամբ, որն իրավազոր է, եթե դրան մասնակցում են նիստին մասնակցելու իրավունք ունեցող բոլոր անձինք:

8. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված որոշումն ընդունվում է նիստին ներկա անձանց ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Քվեարկելիս ձեռնպահ մնալ չի թույլատրվում: Որոշմանը կողմ քվեարկած դատավորների կազմից և նրանց կողմից որոշված դատավորը կազմում է որոշման նախագիծը:

9. Սույն հոդվածով սահմանված կարգով որոշված դատարանը համարվում է իրավասու դատարան:

10. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով գործի ենթակայությունը սահմանելու մասին որոշում կայացվելու դեպքում չի կարող վերաքննիչ բողոք բերվել սույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետի հիմքով այն պատճառաբանությամբ, որ գործը ենթակա չի եղել քննության քաղաքացիական դատավարության կարգով:

(26-րդ հոդվածը լրաց., խմբ. 23.10.19 ՀՕ-189-Ն, փոփ. 14.04.21 ՀՕ-335-Ն, խմբ. 09.02.22 ՀՕ-26-Ն, 07.02.24 ՀՕ-82-Ն)

(09.02.22 ՀՕ-26-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

(14.04.21 ՀՕ-335-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(07.02.24 ՀՕ-82-Ն օրենքի 2-րդ հոդվածի փոփոխությամբ նախատեսված դրույթները տարածվում են նաև մինչև նույն օրենքն ուժի մեջ մտնելը վարույթ ընդունված հայցադիմումներով գործերի քննության վրա` համաձայն 07.02.24 ՀՕ-82-Ն օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ մասի)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։