Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-01-01-ից մինչև 2026-02-17։Բացել գործող տեքստը
ՎԱՐՈՒՅԹՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 12 · ՀԱՅՑԻ ՀԱՐՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 125. Հայցադիմումը վարույթ ընդունելը

գործել է մինչև 2026-02-17Բացել ARLIS-ում

Հոդված 125. Հայցադիմումը վարույթ ընդունելը

1. Առաջին ատյանի դատարանը վարույթ է ընդունում ներկայացված հայցադիմումը, եթե առկա չեն հայցադիմումի ընդունումը մերժելու կամ այն վերադարձնելու հիմքերը:

2. Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելու օրվանից եռօրյա ժամկետում առաջին ատյանի դատարանն այդ որոշումն ուղարկում է գործին մասնակցող անձանց:

3. Այն դեպքում, երբ հայցվորը հայցադիմումի հետ միջնորդություն է ներկայացրել հայցի կամ ապացույցների ապահովման պահանջով, և դատարանը բավարարել է այդ միջնորդությունը, ապա հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, հայցադիմումը և դրան կից փաստաթղթերի պատճեններն ուղարկվում են պատասխանողին և գործին մասնակցող այլ անձանց հայցի կամ ապացույցների ապահովման մասին դատարանի որոշումը կատարելուց հետո՝ եռօրյա ժամկետում:

4. Այն դեպքում, երբ հայցվորը հայցադիմումի հետ միջնորդություն է ներկայացրել հայցի ապահովման պահանջով, և դատարանը լրիվ մերժել է այդ միջնորդությունը, ապա հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, հայցադիմումը և դրան կից փաստաթղթերի պատճեններն ուղարկվում են պատասխանողին և գործին մասնակցող այլ անձանց հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ընդունելու օրվանից երկու շաբաթ հետո, եթե հայցի ապահովման վերաբերյալ միջնորդությունը լրիվ մերժելու մասին որոշումը չի բողոքարկվել:

5. Հայցի ապահովման վերաբերյալ միջնորդությունը լրիվ մերժելու մասին որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը բավարարվելու դեպքում հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, հայցադիմումը և դրան կից փաստաթղթերի պատճեններն առաջին ատյանի դատարանն ուղարկում է պատասխանողին և գործին մասնակցող այլ անձանց՝ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով, իսկ բողոքը մերժելու դեպքում՝ գործը վերաքննիչ դատարանից ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում:

6. Եթե հայցադիմումին կից ներկայացված ապացույցները ծավալուն են, ապա դատարանը գործին մասնակցող անձանց հայցադիմումի հետ ուղարկում է ծանուցում, որ նշված փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով: Ծանուցման մեջ նշվում են դրանց ծանոթանալու ժամկետները:

7. Առաջին ատյանի դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը պատասխանողին ուղարկելու հետ միաժամանակ նրան տեղեկացնում է հայցադիմումի պատասխան ներկայացնելու իրավունքի և ժամկետի մասին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։