Հոդված 151. Նյութական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը
Հոդված 151. Նյութական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը
1. Նյութական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե դատարանը`
1) չի կիրառել այն օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտ, որը պետք է կիրառեր.
2) կիրառել է այն օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտ, որը չպետք է կիրառեր.
3) սխալ է մեկնաբանել օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտ։
2. Նյութական իրավունքի նորմի խախտումը կամ սխալ կիրառումը վճռի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է գործի սխալ լուծման։
⚖Հոդված 152. Դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը
1. Դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման։ Դատարանի` ըստ էության ճիշտ դատական ակտը չի կարող բեկանվել միայն ձևական նկատառումներով։
2. Դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե`
1) դատարանը գործը քննել է ոչ օրինական կազմով, ներառյալ՝ այնպիսի դատավորի կողմից, որը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի համաձայն, պարտավոր էր ինքնաբացարկ հայտնել.
2) դատարանը գործը քննել է դատավարության մասնակիցներից որևէ մեկի բացակայությամբ, որը պատշաճ չի ծանուցվել նիստի ժամանակի և վայրի մասին.
3) դատական ակտը ստորագրված և կնքված չէ.
4) դատական ակտը ստորագրված և կնքված չէ այն կայացրած դատավորի կամ դատավորների կողմից.
5) դատական ակտը կայացրել է ոչ այն դատավորը, որը մտնում է գործը քննող դատարանի կազմի մեջ.
6) գործից բացակայում է դատական նիստի կամ առանձին դատավարական գործողության կատարման արձանագրությունը.
7) գործը քննվել է ընդդատության կանոնների խախտմամբ.
8) դատական ակտը շոշափում է դատավարության մասնակից չդարձված անձանց իրավունքները և պարտականությունները.
9) առկա են սույն օրենսգրքի 96-րդ հոդվածով սահմանված` գործի վարույթը կարճելու հիմքերը:
3. Անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից` դատական ակտը ենթակա է բեկանման, եթե առկա են սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 9-րդ կետերով սահմանված` դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը:
(152-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-212-Ն, լրաց. 02.05.24 ՀՕ-220-Ն)
(02.05.24 ՀՕ-220-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)