Հոդված 92. Հայցի ապահովման մասին որոշման կատարումը
Հոդված 92. Հայցի ապահովման մասին որոշման կատարումը
1. Հայցի ապահովման մասին վարչական դատարանի որոշումը կատարվում է անհապաղ` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։
(հոդվածը 11.04.24 ՀՕ-194-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից)
(11.04.24 ՀՕ-194-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
⚖Հոդված 93. Հայցի ապահովման միջոցի փոխարինումը, փոփոխումը կամ վերացումը
1. Վարչական դատարանը դատավարության մասնակցի միջնորդությամբ իրավունք ունի հայցի ապահովման մեկ միջոցը փոխարինելու մեկ այլ միջոցով, փոփոխելու այն կամ վերացնելու:
2. Հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու, այն փոփոխելու կամ վերացնելու դեպքում միջնորդություն ներկայացրած դատավարության մասնակիցը չի կարող ներկայացնել հայցի ապահովման նույն միջոցի վերաբերյալ միջնորդություն։
3. Հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու, այն փոփոխելու կամ վերացնելու հարցը լուծվում է միջնորդությունն ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում, դատական նիստում։ Դատավարության մասնակիցները պատշաճ ծանուցվում են նիստի ժամանակի և վայրի մասին։ Նրանց չներկայանալն արգելք չէ հարցի քննարկման համար։
4. Հարցի քննարկման արդյունքներով կայացվում է որոշում։
5. Հայցը մերժելու մասին կամ գործի վարույթը կարճելու մասին դատական ակտ կայացվելու դեպքում հայցի ապահովման միջոցները պահպանվում են մինչև դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, եթե դրանք մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելը օրենքով նախատեսված կարգով չեն վերացվել:
6. Հայցը բավարարելու մասին վճիռ կայացվելու դեպքում հայցի ապահովման միջոցները պահպանվում են մինչև վճռի կատարումը, եթե դրանք օրենքով նախատեսված կարգով չեն վերացվել մինչև վճռի կատարումը: