Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-07-27-ից մինչև 2026-08-04։Բացել գործող տեքստը
ԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸԳլուխ 35 · ԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Հոդված 272. Մեղադրյալի մասնակցությունը դատական նիստին և նրա չներկայանալու հետևանքները

գործել է մինչև 2026-08-04Բացել ARLIS-ում

Հոդված 272. Մեղադրյալի մասնակցությունը դատական նիստին և նրա չներկայանալու հետևանքները

1. Մեղադրյալի մաuնակցությունը դատական նիստին պարտադիր է, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Եթե այլ դեպքերում մեղադրյալը դատական նիստին չի ներկայանում, ապա դատալսումները հետաձգվում են:

1.1. Ձերբակալված կամ կալանքի տակ գտնվող կամ ազատազրկման ձևով պատիժ կրող մեղադրյալի մասնակցությունը դատական նիստին կարող է ապահովվել տեսակապի միջոցով՝ մեղադրյալի միջնորդությամբ կամ դատարանի նախաձեռնությամբ՝ հասարակական կարգի կամ առողջության կամ վարույթի մասնավոր մասնակցի հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության կամ նրա անվտանգության ապահովման կամ հանցագործությունների կանխման կամ ողջամիտ ժամկետում դատական քննության ապահովման նպատակով:

1.2. Տեսակապի միջոցով դատական նիստին ձերբակալված կամ կալանքի տակ գտնվող կամ ազատազրկման ձևով պատիժ կրող մեղադրյալի մասնակցության դեպքում պետք է երաշխավորվի, որ՝

1) դատական վարույթի մասնակիցները և մեղադրյալը հստակորեն տեսնեն ու լսեն միմյանց.

2) մեղադրյալը և նրա պաշտպանը դատական նիստի ընթացքում խորհրդապահական կարգով հաղորդակցվելու հնարավորություն ունենան.

3) մեղադրյալը հնարավորություն ունենա դատական նիստի ընթացքում տեսակապի միջոցով հետազոտելու բոլոր ապացույցները և վարույթի այլ նյութերը:

1.3. Մեղադրյալի մասնակցությունը դատական նիստին տեսակապով չի կարող ապահովվել, եթե՝

1) տեսակապով մասնակցության դեպքում հնարավոր չէ ապահովել սույն հոդվածի 1.2-րդ մասով նախատեսված պայմաններից մեկը.

2) տեսակապով մասնակցության դեմ փաստարկված առարկում է հանրային մեղադրողը.

3) դատարանի նախաձեռնությամբ տեսակապով մասնակցության ապահովման դեմ փաստարկված առարկում է մեղադրյալը:

1.4. Եթե սույն հոդվածի 1.3-րդ մասով նախատեսված հանգամանքները ծագում են դատական նիստին մեղադրյալի մասնակցությունը տեսակապով ապահովելու մասին որոշման կայացումից հետո, ապա դատարանը կայացնում է մեղադրյալի մասնակցությունն ընդհանուր կարգով իրականացնելու մասին որոշում:

1.5. Դատական նիստին տեսակապի միջոցով մեղադրյալի մասնակցությունը և դատական նիստի ընթացքում մեղադրյալի ու նրա պաշտպանի՝ խորհրդապահական կարգով հաղորդակցվելու հնարավորությունն ապահովելու համար դատական նիստերի դահլիճում, քրեակատարողական հիմնարկներում, ձերբակալված և կալանավորված անձանց պահելու վայրերում կիրառվող տեխնիկական միջոցների բնութագիրը, չափանիշները և օգտագործման կարգը սահմանում է Կառավարությունը:

2. Դատական նիստին առանց հարգելի պատճառի չներկայացած մեղադրյալի նկատմամբ դատարանի որոշմամբ կարող են կիրառվել սույն օրենսգրքով նախատեսված հարկադրանքի միջոցներ հետագա դատական նիստերին նրա ներկայությունն ապահովելու նպատակով:

3. Դատական նիստն առանց մեղադրյալի մասնակցության կարող է անցկացվել սույն օրենսգրքի 144-րդ հոդվածի 4-րդ կամ 5-րդ մասով, 271-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում:

4. Ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանքի վերաբերյալ վարույթով դատական նիստը դատարանի որոշմամբ անցկացվում է մեղադրյալի բացակայությամբ, եթե վերջինս նախնական կամ հիմնական դատալսումների ընթացքում նման միջնորդություն է ներկայացրել։ Դատարանը կարող է առանձին դատական նիստին կամ առանձին վարութային գործողությանը մեղադրյալի մասնակցությունը պարտադիր համարել։

4.1. Ծանր կամ առանձնապես ծանր հանցանքի վերաբերյալ վարույթով դատական նիստը դատարանի որոշմամբ անցկացվում է ազատության մեջ գտնվող մեղադրյալի բացակայությամբ, եթե վերջինս նախնական կամ հիմնական դատալսումների ընթացքում նման միջնորդություն է ներկայացրել: Դատարանը կարող է առանձին դատական նիստին կամ առանձին վարութային գործողությանը մեղադրյալի մասնակցությունը պարտադիր համարել:

5. Դատական նիստը չի կարող անցկացվել մեղադրյալի բացակայությամբ, եթե նա չունի պաշտպան կամ միջնորդությունը ներկայացրել է առանց պաշտպանի հետ խորհրդակցելու։

(272-րդ հոդվածը լրաց. 18.06.26 ՀՕ-244-Ն, 02.07.26 ՀՕ-335-Ն)

(18.06.26 ՀՕ-244-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

(02.07.26 ՀՕ-335-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։