Հոդված 312. Նախնական դատալսումների անցկացման կարգը
Հոդված 312. Նախնական դատալսումների անցկացման կարգը
1. Նախնական դատալսումներն անցկացվում են դատավորի կողմից միանձնյա` հանրային մեղադրողի և վարույթի մասնավոր մասնակիցների մասնակցությամբ` սույն օրենսգրքի 8-րդ բաժնի դրույթների` վերաբերելի մասով (mutatis mutandis) կիրառմամբ, հաշվի առնելով սույն գլխով նախատեսված առանձնահատկությունները:
2. Սույն օրենսգրքով սահմանված կարգով դատական նիստը բացելուց և դատական նիստի մասնակիցների վերաբերյալ հաղորդումն ունկնդրելուց հետո նախագահողն ստուգում է վարույթի մասնակիցների ինքնությունը և նրանց լիազորությունների պատշաճությունը: Եթե ձերբակալված կամ կալանքի տակ գտնվող կամ ազատազրկման ձևով պատիժ կրող մեղադրյալը դատական նիստին մասնակցում է տեսակապի միջոցով, ապա նրա ինքնությունն ստուգվում է ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի կամ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի աջակցությամբ:
3. Այնուհետև դատարանը պարզում է, թե արդյոք մեղադրյալին հանձնվել է մեղադրական եզրակացության պատճենը: Այդ փաստաթուղթը մեղադրյալին հանձնված չլինելու դեպքում դատարանը երեք օրով հետաձգում է դատալսումները` հանրային մեղադրողին պարտավորեցնելով մեղադրական եզրակացության պատճենն անհապաղ հանձնել մեղադրյալին:
4. Դատալսումները հետաձգվում են նաև այն դեպքում, երբ մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում սույն օրենսգրքի 202-րդ հոդվածի պահանջներին: Տվյալ հիմքով դատական նիստը հետաձգելիս դատարանը հանրային մեղադրողին պարտավորեցնում է դատարանի սահմանած ժամկետում մեղադրական եզրակացությունը համապատասխանեցնել սույն օրենսգրքի 202-րդ հոդվածների պահանջներին, այն ներկայացնել դատարան, իսկ դրա պատճենը հանձնել դատական վարույթի մասնակիցներին: Եթե մեղադրյալը գտնվում է կալանքի տակ, ապա դատարանի սահմանած ժամկետը չպետք է երեք, իսկ մնացած դեպքերում յոթ օրվանից ավելի լինի:
5. Սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված` դատալսումները հետաձգելու հիմքերի բացակայության դեպքում դատարանը պարզում է, թե արդյոք դատական վարույթի մասնակիցներն ստացել են սույն օրենսգրքի 310-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված որոշումը և սույն օրենսգրքի 310-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված հուշաթերթը: Այդ փաստաթղթերն ստացված չլինելու դեպքում դրանք հանձնվում են անհապաղ:
6. Կողմի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ դատարանը վարույթի մասնակցին տալիս է իր իրավունքների և պարտականությունների վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումներ:
(312-րդ հոդվածը լրաց. 02.07.26 ՀՕ-335-Ն)
(02.07.26 ՀՕ-335-Ն օրենքն ունի անցումային դրույթ)