Հոդված 137.1. Ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացման հիմնական պահանջները չկատարելը
Հոդված 137.1. Ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացման հիմնական պահանջները չկատարելը
(վերնագիրը խմբ. 16.12.16 ՀՕ-18-Ն)
1. Առանց Հայաստանի Հանրապետության և փոխադրման մյուս կողմ հանդիսացող պետության միջև կնքված՝ տրանսպորտի բնագավառը կանոնակարգող միջազգային համաձայնագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացումը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրհիսնապատիկի չափով:
2. Հայաստանի Հանրապետության տարածքում որևէ այլ պետությունում հաշվառված տրանսպորտային միջոցով (բացառությամբ միջազգային համաձայնագրերով սահմանված դեպքերի) կամ միջազգային համաձայնագրերով սահմանված պահանջների խախտմամբ կաբոտաժային փոխադրումների իրականացումը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրհիսնապատիկի չափով:
3. Հայաստանի Հանրապետությունում թվային տախոգրաֆով չկահավորված ավտոտրանսպորտային միջոցներով միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
4. Առանց թվային տախոգրաֆի քարտի կամ թվային տախոգրաֆի քարտը չտեղադրված վիճակում Հայաստանի Հանրապետությունում թվային տախոգրաֆով կահավորված ավտոտրանսպորտային միջոցներով միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
5. Թվային տախոգրաֆի անսարքության կամ թվային տախոգրաֆն անջատած վիճակում Հայաստանի Հանրապետությունում ավտոտրանսպորտային միջոցներով միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
6. Հայաստանի Հանրապետությունում առանց արհեստանոցի քարտի թվային տախոգրաֆի ստուգաչափում իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
7. Սույն հոդվածով սահմանված խախտումների համար վարչական պատասխանատվությունը կիրառվում է խախտումը կատարած կազմակերպության պաշտոնատար անձի, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի նկատմամբ:
8. Սույն հոդվածով նախատեսված արարքները վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ տվյալ արարքի համար սույն հոդվածով սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:
9. Սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված արարքները կատարելու դեպքում անձն ազատվում է վարչական պատասխանատվությունից թվային տախոգրաֆի քարտի կորստի կամ դրա գողության կամ դրա վնասվելու կամ դրա անվավերության համար, եթե, «Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» համաձայնագրի պահանջներին համապատասխան, լիազոր մարմին է ներկայացնում հիմնավորված դիմում:
(137.1 -ին հոդվածը լրաց. 05.12.06 ՀՕ-237-Ն, խմբ. 16.12.16 ՀՕ-18-Ն, 16.09.20 ՀՕ-421-Ն)