Անցնել բովանդակությանը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-06-12-ից մինչև 2025-06-28։Բացել գործող տեքստը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 10 · ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ, ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Հոդված 137.2. Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների կողմից փոխադրումներին ներկայացվող պահանջները չկատարելը

գործել է մինչև 2025-06-28Բացել ARLIS-ում

Հոդված 137.2. Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների կողմից փոխադրումներին ներկայացվող պահանջները չկատարելը

1. Ավտոբուսային կանոնավոր ուղևորափոխադրումները սպասարկող ավտոտրանսպորտային միջոցներն առանց երթուղին արտահայտող ցուցատախտակի և (կամ) երթուղու չվացուցակի և (կամ) երթուղու սխեմայի (բացառությամբ ներհամայնքային երթուղիների) և (կամ) սպասարկող կազմակերպության անվանման և գտնվելու վայրի նշումով ցուցանակի և (կամ) տեխնիկական կանոնակարգերի և ստանդարտների պահանջներին անհամապատասխան արտաքին և ներքին կահավորմամբ շահագործելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:

2. Առանց ճանապարհային թերթիկի կամ դրան կից երթուղային թերթիկի կամ դրանցում համապատասխան նշումների բացակայությամբ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

3. Հայաստանի Հանրապետությունում ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումների մրցույթով չընտրված կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձանց կողմից կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

4. Կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնողների կողմից հաստատված չվացուցակներով ավտոբուսների (միկրոավտոբուսների) մեկնման ժամերի խախտումները՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով, իսկ ներհամայնքային երթուղիներում՝ տասնապատիկի չափով:

5. Կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնողների կողմից երթուղու ուղեգծից ինքնակամ շեղումները կամ վերջնակետի (սկզբնակետի) խախտումները՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

6. Ավտոկայարանային գործունեություն չիրականացնող կամ ավտոկայարանային գործունեություն իրականացնող կազմակերպության հետ պայմանագիր չունեցողների կողմից միջքաղաքային և միջպետական երթուղիների ուղետոմսերի վաճառքի իրականացումը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

7. Առանց մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիայի տաքսամոտորային փոխադրումներ իրականացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

7.1. Առանց օդանավակայանի տաքսի ծառայության լիցենզիայի օդանավակայանի տաքսու կայանատեղից տաքսի ծառայություն մատուցելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

8. Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների խախտմամբ երեխաների փոխադրումների իրականացումը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

9. Սույն հոդվածով սահմանված խախտումների համար վարչական պատասխանատվությունը կիրառվում է խախտումը կատարած կազմակերպության պաշտոնատար անձի, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի նկատմամբ:

(137.2 - րդ հոդվածը լրաց. 05.12.06 ՀՕ-237-Ն, 20.11.14 ՀՕ-164-Ն, փոփ., խմբ., լրաց. 20.11.14 ՀՕ-173-Ն, խմբ. 16.12.16 ՀՕ-18-Ն, փոփ. 08.02.18 ՀՕ-107-Ն, 09.02.22 ՀՕ-32-Ն, լրաց. 18.01.22 ՀՕ-9-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։