Հոդված 140. Ճանապարհները, երկաթուղային գծանցները և ճանապարհի այլ ինժեներական կառույցները վնասելը
Հոդված 140. Ճանապարհները, երկաթուղային գծանցները և ճանապարհի այլ ինժեներական կառույցները վնասելը
(վերնագիրը խմբ. 07.02.12 ՀՕ-2-Ն)
1. Ճանապարհները, երկաթուղային գծանցները, ճանապարհի այլ ինժեներական կառույցները կամ ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցները վնասելը, փակելը, հանելը կամ տեղադրելը, ինչպես նաև ճանապարհային երթևեկության համար խոչընդոտներ ստեղծելը (այդ թվում` ճանապարհի ծածկույթը աղտոտելու, առանց համապատասխան թույլտվության ճանապարհի վրա բացօթյա առևտուր իրականացնելու, շինարարական նյութեր կամ այլ իրեր ու առարկաներ ճանապարհին թողնելու միջոցով)`
առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:
2. Առանց համապատասխան թույլտվության կամ իրավասու մարմինների հետ համաձայնեցման` ճանապարհի վրա շինարարական աշխատանքներ կատարելը կամ գովազդ տեղադրելը, ինչպես նաև ճանապարհների հետ հատումներ բացելը`
առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
3. Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված արարքները, եթե դրանք խոչընդոտում են վարորդների կողմից լուսացույցները, ճանապարհային նշանները կամ երթևեկության կարգավորման այլ տեխնիկական միջոցները տեսնելուն`
առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
4. Ինքնակամ ճանապարհային նշաններ (այդ թվում` ինքնաշեն) տեղադրելը կամ ապամոնտաժելը, ինչպես նաև ինքնակամ գծանշումներ կատարելը կամ դրանք փոփոխելը`
առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
5. Առանց համապատասխան թույլտվության կանգնակների, արգելապատնեշների կամ այլ պարագաների միջոցով երթևեկելի մասը սահմանափակելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով` սահմանափակող իրերի և առարկաների բռնագրավմամբ:
(140-րդ հոդվածը խմբ. 02.07.91, 02.09.93 ՀՕ-79, 03.12.96 ՀՕ-102, փոփ. 16.12.05 ՀՕ-26-Ն, խմբ. 21.02.07 ՀՕ-73-Ն, 07.02.12 ՀՕ-2-Ն)