Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-04-09-ից մինչև 2018-06-30։Բացել գործող տեքստը
ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԸԳլուխ 54 · ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ, ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 275. Արտոնագրային հարկ վճարելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնելը և արտոնագիր տրամադրելը

գործել է մինչև 2018-06-30Բացել ARLIS-ում

Հոդված 275. Արտոնագրային հարկ վճարելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնելը և արտոնագիր տրամադրելը

1. Կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը արտոնագրային հարկ վճարող համարվելու նպատակով մինչև գործունեություն իրականացնելու օրվան նախորդող օրը` անկախ այդ օրվա աշխատանքային կամ ոչ աշխատանքային օր լինելու հանգամանքից, Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում արտոնագրային հարկ վճարելու վերաբերյալ հայտարարություն:

2. Գործունեության տվյալ տեսակի համար արտոնագիր ունեցող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը գործունեության տվյալ տեսակի մասով արտոնագրային հարկ վճարող համարվելու նպատակով արտոնագրային հարկ վճարելու վերաբերյալ հայտարարությունը Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում մինչև նախկին արտոնագրով նախատեսված հաշվետու ժամանակաշրջանից հետո գործունեության տվյալ տեսակը շարունակելու օրվան նախորդող օրը:

3. Որևէ հաշվետու ժամանակաշրջանի համար տվյալ գործունեության իրականացման վայրի մասով արտոնագիր ստացած կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից տվյալ գործունեության իրականացման վայրի մասով ելակետային տվյալի ավելացման դեպքում մինչև ելակետային տվյալի ավելացման օրվան նախորդող օրը ներառյալ` Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին է ներկայացվում արտոնագրային հարկ վճարելու վերաբերյալ նոր հայտարարություն` տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար նախկինում ներկայացված ելակետային տվյալի և ավելացվող ելակետային տվյալի մեծությունների հանրագումարով:

4. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված դեպքերում արտոնագրային հարկ վճարելու վերաբերյալ հայտարարություն ներկայացրած կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը հայտարարությունում նշված` գործունեության տեսակի (տեսակների) և հաշվետու ժամանակաշրջանի մասով` մինչև արտոնագրային հարկ վճարելու վերաբերյալ հայտարարությունում նշված հաշվետու ժամանակաշրջանի սկզբի օրը ներառյալ տրամադրվում է հարկային մարմնի սահմանված ձևի արտոնագիր:

(պարբերությունը հանվել է 21.12.17 ՀՕ-266-Ն)

5. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում նոր հայտարարությունում նշված հաշվետու ժամանակաշրջանի սկզբի օրը ներառյալ կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը տրամադրվում է նոր արտոնագիր: Սույն մասով սահմանված դեպքում տրամադրվում է նոր արտոնագիր` նախկին արտոնագրում նշված ելակետային տվյալի և ավելացվող ելակետային տվյալի հանրագումարով` ելակետային տվյալի ավելացման ամսաթիվն ընդգրկող ամսվանից մինչև նախկինում տրամադրված արտոնագրում նշված` հաշվետու ժամանակաշրջանի ավարտը ներառող հաշվետու ամսվա համար:

(պարբերությունը հանվել է 21.12.17 ՀՕ-266-Ն)

6. Հարկային մարմինը արտոնագիրը տրամադրում է էլեկտրոնային եղանակով:

7. «Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` արտոնագրային հարկից ազատված գործունեության տեսակների մասով արտոնագիրը տրամադրվում է սույն հոդվածով սահմանված կարգով:

8. Յուրաքանչյուր կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը յուրաքանչյուր գործունեության իրականացման վայրում իրականացվող գործունեության յուրաքանչյուր տեսակի մասով յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար տրամադրվում է մեկ արտոնագիր:

9. Արտոնագրային հարկ վճարելու վերաբերյալ հայտարարության ձևը և լրացման կարգը սահմանում է հարկային մարմինը:

(275-րդ հոդվածը լրաց., փոփ. 21.12.17 ՀՕ-266-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։